Գլխավոր դատախազության վերաքննիչ բողոքը Մանվել Գրիգորյանին կալանքից ազատ արձակելու դեմ մուտք է արվել Վերաքննիչ դատարան

18:05 • 24.12.18

ՀՀ գլխավոր դատախազությունը վերաքննիչ բողոք է ներկայացրել ԵԿՄ նախկին նախագահ, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց կալանքից ազատ արձակելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ։

Այս մասին Tert.am-ի հարցին ի պատասխան հայտնեց Դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։ 

«Գլխավոր դատախազության վերաքննիչ բողոքը Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց կալանքից ազատ արձակելու դեմ մուտք է արվել Վերաքննիչ դատարան»,- ասաց Արևիկ Խաչատրյանը։ 

Նշենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Բալայանը դեկտեմբերի 21-ին բավարարել էր Մանվել Գրիգորյանի պաշտպանների միջնորդությունը և նրա նկատմամբ կիրառվող կալանքը փոխարինել էր գրավով։ Մանվել Գրիգորյանը կալանքից ազատ էր արձակվել 25 մլն դրամ գրավի դիմաց։ 

Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և պահելու, ինչպես նաև առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու մեջ։