Ազդարարվեց «Ազգային օրակարգ» կուսակցության մեկնարկը. ըստ համահիմնադիրների՝ այն աջակողմյան ազգային–առաջադիմական ուժ է
Այսօր ստեղծվել է իրավիճակ, երբ անհրաժեշտ է վերցնել պատասխանատվությունը, դրա հետ իրավունքը և մասնակից լինել մեր հայրենիքի ու մեր ժողովրդի ապագայի ձևավորմանը: Լրագրողների հետ զրույցում՝ «Ազգային օրակարգ» կուսակցության մեկնարկն ազդարարող ասուլիսի ժամանակ, այս մասին հայտարարեց նորաստեղծ ուժի համահիմնադիր Արա Հակոբյանը:
«Մեր քաղաքական ուժը քաղաքական օրակարգում որպես աջակողմյան ուժ է դիրքավորվելու, մեր գաղափարախոսությունն ազգային–առաջադիմական է»,- ասաց նա:
Նրա խոսքով՝ հիմա է, որ գիտակցելով առկա հնարավորությունները և հասկանալով, որ միասին կարող ենք քաղաքական դաշտ ձևավորել, այսօր հռչակում են իրենց կուսակցությունը:
Կուսակցության համահիմնադիրներից Ավետիք Չալաբյանն էլ, ներկայացնելով իրենց թիմը, նկատեց, որ իրենք հանրային գործունեության մեջ նոր չեն, իրենց գործունեությունը սկսել են 2006 թվականից: Նրա խոսքով՝ նպատակը եղել է առաջին հերթին այն, որ Հայաստանում ծնվող հետաքրքիր մտքերը իրագործել և դարձնել հանրության սեփականությունը: Ավետիք Չալաբյանի ձևակերպմամբ՝ այդ ճանապարհին է, որ ծնվել են «Repat Armenia» և «Արար» հիմնադրամները, որոնցից առաջինը նպաստել է հայրենադարձությանը, երկրորդը՝ Հայաստանի անվտանգային խնդիրների լուծմանն ու հասարակություն-բանակ կապի ամրապնդմանը:
Արա Հակոբյանն այնուհետև ավելացրեց, որ այսօր, կուսակցություն հիմնելով, նախապատրաստվում են գալիք խորհրդարանական ընտրություններին: Ըստ նրա՝ կարևորում են ընտրություններում նոր Ընտրական օրենսգրքի և «Կուսակցությունների մասին» օրենքի փոփոխությունները:
Պատասխանելով Tert.am-ի հարցին, թե ինչպիսի՞ն է, իրենց կարծիքով, խորհրդարանական ընտրություններից հետո ձևավորված քաղաքական դաշտը, նա պատասխանեց, որ ժողովուրդն արել է իր ընտրությունը, սակայն լավ կլիներ, որ խորհրդարանն այդքան միաբևեռ չլիներ: Իրենք, ըստ նրա, լինելու են արտախորհրդարանական ընդդիմադիր ուժ:
Արա Հակոբյանը նաև նշեց, որ ազգային գաղափարախոսություն ունեցող մնացած ուժերի հետ, այդ թվում արտախորհրդարանական համագործակցության եզրեր են փորձելու գտնել:
Խոսելով իրենց կուսակցության համալրման գործընթացի մասին՝ Ավետիք Չալաբյանը նշեց, որ իրենց համար կարևոր է, որ այն օրգանական ճանապարհով լինի, պատրաստվում են իրենց կուսակցությունը համալրել միայն տարբեր ոլորտների որակյալ մասնագետներով, մարդկանցով, որոնք հաջողությունների հասած կլինեն:
«Կարծում ենք, որ այդպիսի ուժ է, որ պակասում է մեր քաղաքական դաշտին»,- հավելեց Արա Հակոբյանը:










