ԱՄՆ կառավարության աշխատանքի «դադարեցումը» խոչընդոտել է երկրի գլխավոր տոնածառի լուսաշղթայի նորոգմանը (տեսանյութ)
ԱՄՆ-ում մի շարք դաշնային գերատեսչությունների աշխատանքի մասնակի դադարեցումը դժվարեցրել է երկրի գլխավոր տոնածառի լույսերի նորոգումը, գրում է РИА Новости-ն:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ անհայտ անձը բարձրացել է Սպիտակ տնից ոչ հեռու գտնվող այգում կանգնեցված գլխավոր տոնածառի վրա, ինչի հետևանքով ծառի մի քանի լույսեր վնասվել են: Իրավապահ մարմինների հաղորդմամբ՝ անձը գտնվել է հուզական անկայուն վիճակում:
Ինչպես հայտնում են ազգային այգիների ծառայությունից, տոնածառը կառավարության աշխատանքի մասնակի դադարեցման ընթացքում կմնա վնասված լուսաշղթայով:
«Կառավարության աշխատանքի մասնակի դադարեցման ժամանակ Սպիտակ տան այցելուների կենտրոնը և ազգային տոնածառի հրապարակը փակ կլինեն»,- ասված է հաղորդման մեջ:
Հիշեցնենք, որ ԱՄՆ դաշնային գերատեսչություններից մի քանիսը ֆինանսավորման բացակայության պատճառով կրճատել են աշխատանքը:










