Վերաքննիչը քննում է Սամվել Մայրապետյանի խափանման միջոցի հարցը, պաշտպանն առաջարկել է որպես այլընտրանքային խափանման միջոց կիրառել գրավը

14:55 • 25.12.18

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը շարունակում է քննել գործարար Սամվել Մայրապետյանի կալանքի ժամկետը երկարաձգելու որոշման դեմ նրա պաշտպանի ներկայացրած բողոքը։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Սամվել Մայրապետյանի պաշտպան Կարեն Բատիկյանը։

Նրա խոսքով՝ դատարանին միջնորդություն է ներկայացրել՝ պաշտպանյալի նկատմամբ որպես այլընտրանքային խափանման միջոց կիրառել գրավը։ «Գրավի չափ չենք սահմանել՝ թողնելով դատարանի հայեցողությունը»,- շարունակեց նա։

Նշենք, որ Սամվել Մայրապետյանը մեղադրվում է կաշառքի միջնորդության համար, սակայն Կարեն Բատիկյանը կրկին հրաժարվեց նշել, թե, ըստ մեղադրանքի, իր պաշտպանյալն ու՞մ է կաշառքի միջնորդություն արել։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 9-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը որոշեց, որ գործարար Սամվել Մայրապետյանի խափանման միջոցը պետք է կալանքը լինի։ Մայրապետյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 38-311 հոդվածով՝ կաշառքի օժանդակություն։ Իրեն առաջադրված մեղադրանքը Մայրապետյանը չի ընդունում։

Նշենք, որ ՀՔԾ-ն հոկտեմբերի 6-ին ձերբակալել էր գործարար Սամվել Մայրապետյանին: