ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը 2016-ին ձեռք է բերել գաղտնալսող սարքեր. Սուրեն Սարգսյանի կարծիքով՝ ՀՀ իրավապահ մարմինները պետք է որ տեղյակ լինեին
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը 2016թ. ապրիլին ձեռք է բերել գաղտնալսող սարքեր. ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է միջազգային իրավունքի և միջազգային հարաբերությունների մասնագետ Սուրեն Սարգսյանը՝ կից ներկայացնելով այդ փաստաթղթերը:
Tert.am-ի հետ զրույցում արդեն Սուրեն Սարգսյանը նշեց, որ փաստաթուղթը հրապարակվել է «Վիկիլիքսով» և ԱՄՆ ծառայողական փաստաթղթաշրջանառության արտահոսքի հետևանքով հասանելի է դարձել: «Այս փաստաթուղթը դրանցից մեկն է, ըստ որի՝ 2016թ-ին ԱՄՆ-ն մրցույթ է հայտարարել ձայնագրող սարքերի ձեռքբերման և Հայաստան ներկրման համար:
Մենք չունենք փաստեր, որ այդ սարքերը ներմուծել են Հայաստան, բայց մրցույթի հայտարարման փաստը մենք ունենք, որովհետև փաստաթղթով երևում է, իսկ թե սարքերը ինչ նպատակով են ձեռք բերվել, կարծում եմ, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը կպարզաբանի»,-ասաց նա:
Սուրեն Սարգսյանը կարևոր համարեց նաև այն հանգամանքը, որ մրցույթն անցկացվել է, և սարքավորումները իրավապահ մարմինների՝ թմրանյութերի ապօրինի շրջանառության դեպարտամենտի համար են ձեռք բերվել: «Դա նշանակում է, որ օգտագործվելու են այդ ուղղություններով, այսինքն՝ թմրամիջոցների ապօրինի պայքար և նաև իրավապահ մարմինների հետ համագործակցության նպատակով»,-ասաց նա:
Նա կարծիք հայտնեց, որ ՀՀ իրավապահ մարմինները ևս պետք է, որ տեղյակ լինեն, թե ինչ տեխնիկա է ԱՄՆ դեսպանությունը ներմուծել:
Հարցին, թե այլ նպատակով գաղտնալսումներ կարող էին ներկայացնել, թե ոչ, ասաց, որ չի կարծում. «Չեմ կարծում, որ նպատակային նշանակությունից զատ այլ ուղղություններով կիրառվեն այս սարքերը»,-ասաց նա:
Ի դեպ, Սուրեն Սարգսյանը չի կարծում, որ սարքերը գաղտնի ձևով կարող էին ներմուծել, առանց պետության իմացության: «Որովհետև եթե ներմուծում ես ՀՀ, իշխանություններին պետք է տեղեկացնես, հասկանում եմ, որ դիվանագիտական փոստով են բերում, իսկ դիվանագիտական փոստը, համաձայն Վիեննայի դիվանագիտական հարաբերությունների մասին 63 թվականի կոնվենցիայի, չի ենթարկվում զննման, բայց կարծում եմ՝ ամերիկյան կողմն այս անգամ բերել է՝ տեղեկացնելով իրավապահ մարմիներին»,-ասաց նա:










