Կատալոնիայի ոստիկանությունը հաստատել է Բարսելոնայում հնարավոր ահաբեկչության մասին տեղեկությունը
Կատալոնիայի ոստիկանությունը հաստատել է տոնական օրերին Բարսելոնայում հնարավոր ահաբեկչության մասին տեղեկությունը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
«Մենք CITCO-ի (ահաբեկչության և կազմակերպված հանցավորության դեմ պայքարի հետախուզության կենտրոն) միջոցով նախազգուշացում ենք ստացել հնարավոր ահաբեկչական ակտի մասին: Այդ տեղեկության հիման վրա ուսումնասիրում ենք ահազանգի ճշմարտացիությունը, ինչից հետո ոստիկանությունը հստակ գործողություններ կձեռնարկի»,- ասված է ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ:
Իսպանական ԶԼՄ-ները հայտնել են, որ ոստիկանությունը կասկածներ ունի, որ հնարավոր ահաբեկչական գործողություններ կարող է կատարել մարոկկացի Բրահիմա Լմիդին, որին իրավապահները փնտրում են, սակայն ոսիկանությունը տեղեկությունը չի հաստատել:
Ներկայում Բարսելոնայում անվտանգության խիստ միջոցառումներ են իրականացվում: Ոստիկանները ծառայություն են իրականացնում քաղաքի կենտրոնում և ծայրամասերում: Ստուգվում են բեռնատարները, ավտոբուսներն, ավտոմեքենաներն ու դրանց վարորդները:
ԱՄՆ Պետդեպարտամենտը թվիթերյան էջի միջոցով կոչ է արել Բարսելոնայում գտնվող ԱՄՆ քաղաքացիներին «մեծ զգուշավորություն ցուցաբերել»:










