Սփյուռքահայերը բողոքի ակցիա են իրականացնում Սփյուռքի նախարարության հնարավոր լուծարման դեմ
Մինչև Սփյուռքի նախարարության ստեղծումը սփյուռքահայերը չգիտեին, թե որ գերատեսչությանը գումար տրամադրեն, նախարարության ստեղծումից հետո այդ խնդիրը լուծվեց: Լրագրողների հետ զրույցում այս դիտարկումն արեց նախարարության մոտ բողոքի ակցիա իրականացնողներից մի իրաքահայ:
Նա և մի շարք այլ սփյուռքահայեր առավոտյան ժամը 10-ից սկսած բողոքի ակցիա են իրականացնում նախարարության դիմաց՝ դժգոհելով Սփյուռքի նախարարության հնարավոր լուծարման մասին Կառավարության որոշման դեմ:
«Սփյուռքի նախարարության դերը մեծ է, տեսել եմ, որ նպաստ է բերել համայնքներին: Ես կարող եմ իրաքահայության մասին խոսել»,- ասաց նա:
Դիտարկմանը, թե դեմ է, որ այլ կառույցի միանա գերատեսչությունը, նա պատասխանեց․ «Եթե նկատի ունեք Արտգործնախարարությանը, ապա պետք է հաշվի առնեք, որ բոլոր երկրներում մենք դեսպանատներ, հյուպատոսություններ չունենք: Բայց Սփյուռքի նախարարությունը բոլոր համայնքներում, բոլոր սփյուռքյան կառույցների հետ կապեր է հաստատել»,- ասաց նա:
Վերջինս նաև կարդաց իրաքահայության նամակը՝ ուղղված վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին, որտեղ նշված էր սփյուռքի նախարարության կարևորությունը:
Սիրիահայ համայնքը ներկայացնող մի քաղաքացի էլ նշեց, որ իրենք էլ ցանկանում են նամակ փոխանցել Կառավարությանը: «Սիրիահայերի համար Սփյուռքի նախարարության կատարածը շատ մեծ է: Դրա մասին գրքույկ կա, եթե պետք լինի, կներկայացնենք, թե ինչ է արել նախարարությունը սփյուռքահայության համար: Ուզում ենք վարչապետի ներկայացնել, որ նախարարությունը սիրիահայության համար շատ բան է արել և դեռ շատ բան ունի անելու»,- ասաց նա: Հետո մատնանշեց, որ Միջին Արևելքում իրավիճակը շատ քաոսային է, և եթե ներգաղթ լինի Հայաստան, հարց է առաջանալու՝ ով է կազմակերպելու այն:
Նրա խոսքով՝ նախատեսել են այսօր նամակը փոխանցել Կառավարությանը, հուսով են, որ նրանց կարծիքը հաշվի կառնվի:










