Թետչերը, Հոքինգը և այլ հայտնիներ. բրիտանացիները որոշում են, թե ով է հայտնվելու 50 ֆունտ արժողությամբ նոր թղթադրամների վրա

19:20 • 25.12.18

Անգլիայի բանկը մրցույթ է հայտարարել 50 ֆունտ ստերլինգ արժողությամբ նոր թղթադրամների համար, որի շրջանակներում բրիտանացիները շուրջ հազար հայտնի հայրենակիցների են առաջարկել:

Ինչպես ներկայացնում է Daily Mail-ը, 992 մարդուց կազված ցանկում ընդգրկվել են Միացյալ Թագավորության առաջին կին վարչապետ Մարգարեթ Թետչերը, ֆիզիկոս և տիեզերաբան Սթիվեն Հոքինգը, մաթեմատիկոսներ Ադա Լավլեյսը, Ալան Թյուրինգը, կենսաֆիզիկոս Ռոզալինդ Ֆրանկլինը, ինչպես նաև քիմիկոս Դորոտի Հոջքինը:

Նոր թղթադրամներ թողարկելու մտադրության մասին Անգլիայի բանկը հայտնել էր հոկտեմբերին: Բանկը մտադիր է հարգանքի տուրք մատուցել բրիտանացի գիտնականներին:

Հետագա ընտրությամբ կզբաղվի հատուկ հանձնաժողովը: Վերջնական որոշումը կհրապարակվի 2019-ի ամռանը:

Ներկայում 50 ֆունտ արժողությամբ թղթադրամների վրա պատկերված են բրիտանական արդյունաբերական հեղափոխության հայրեր՝ անգլիացի Մեթյու Բոլթոնը և շոտլանդացի Ջեյմս Ուաթը:

Ակնկալվում է, որ նոր սերնդի թղթադրամները շրջանառության մեջ կհայտնվեն 2020 թվականից: