Արմավիրի ավագանին նպատակահարմար չի համարել Մանվել Գրիգորյանին Արմավիրի պատվավոր քաղաքացու կոչումից հրատապ զրկելը (տեսանյութ)
Արմավիրի ավագանին այսօր կայացած նիստում գեներալ Մանվել Գրիգորյանին չի զրկել Արմավիրի պատվավոր քաղաքացու կոչումից, որոշվել է այդ հարցը քննարկել ավագանու հաջորդ նիստի ընթացքում: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Արմավիրի քաղաքապետ Դավիթ Խուդաթյանը: Նա տեղեկացրեց, որ հարցն այսօր կայացած նիստին ևս քննարկվել է, բայց, քանի որ ստորագրությունները փոխանցվել է երեկ, օրակարգում այդ հարցը չի ներառվել, հետևաբար պետք է քվեարկություն տեղի ունենար և հարցը բերվեր օրակարգ:
«Ավագանու անդամները մեկնաբանում են, որ սա քաղաքի համար նախադեպը չունեցող որոշում է, նախկինում երբեք ինչ-որ մեկին Արմավիրի պատվավոր քաղաքացու կոչումից չեն զրկել, ու մեկ օրվա աշխատանքային ռեժիմով հրատապ հարցը քննարկելը և որոշում ընդունելը նրանք նպատակահարմար չհամարեցին: Պայմանավորվածությունը հետևյալն է. հաջորդ հերթական նիստի օրակարգում կլինի հարցը, չի բացառվում, որ Մանվել Գրիգորյանի կողքին հայտնվեն նաև այլ անուններ, այդ թվում՝ Սերժ Սարգսյանի անունը: Քաղաքապետարանը պետք է ուսումնասիրի՝ առհասարակ ովքեր են պատվավոր քաղաքացու կոչում ստացել: Դա արդեն կլինի ավագանու ու արմավիրցիների նպատակահարմարության հարցը»,-մանրամասնեց նա:
Արմավիրի քաղաքապետը չբացառեց նաև, որ այդ հարցով կարող է նաև ավագանու արտահերթ նիստ գումարվել:
Հիշեցնենք նաև, որ Արմավիրի ավագանու այսօր նիստը ընթացքում ավագանու անդամներից շատերը դիրքորոշում են հայտնել, որ իրենց համար հարցի քննարկման հարտապությունը հասկանալի չէ: Ավագանու անդամներից Խաչիկ Հարությունյանը նշել է, առայժմ չկա դատարանի որոշում Մանվել Գրիգորյանին առաջադրված մեղադրանքի վերաբերյալ, և պետք է սպասել դատարանի վճռին:
Նիստին մասանակցող Դավիթ Հովհաննիսյանն էլ հարցադրել է, թե ինչ է արել Մանվել Գրիգորյանը քաղաքի համար, ինչին անդամներից մեկն էլ արձագանքել է. «Իմ քաղաքի համար չի արել, իմ ազգի համար ա արել: Տուշոնկա գողացել ա, չի գողացել, թողնենք մի կողմ: Բայց որ ինքը ազգային հերոս ա, գեներալ ա…»:
Հիշեցնենք, որ երեկ Արմավիրի քաղաքապետ Դավիթ Խուդաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ բազմաթիվ արմավիրցիների նախաձեռնությամբ այսօր Արմավիրի ավագանու արտահերթ նիստին քննարկվելու է Մանվել Գրիգորյանին Արմավիրի պատվավոր քաղաքացու կոչումից զրկելու հարցը:










