Մեքսիկայի իշխանությունները 1,6 մլն դոլար են խոստացել վտանգավոր նարկոբարոնին ոստիկանությանը հանձնելու համար
Մեքսիկայի իշխանությունները մոտ 1,6 մլն դոլար են խոստացել թմրանյութերի վաճառքով զբաղվող «Խալիսկո. նոր սերունդ» կազմակերպության պարագլխի մասին ոստիկանությանը տեղեկություններ հաղորդողին, գրում է Reuters գործակալությունը:
Նեմեսեո Օսեգերա Սերվանտեսը՝ հայտնի «Էլ Մենչո» մականունով, մեղադրվում է Միացյալ Նահանգներ հերոին մատակարարելու համար: Նա Մեքսիկայում ամենապահանջված նարկոբարոնն է:
Օսեգերայի կազմակերպությունը Մեքսիկայում ամենախոշորն է համարվում, այն հանցակիցներ ունի Միացյալ Նահանգներում, Լատինական Ամերիկայում, Աֆրիկայում, Ասիայում և Եվրոպայում:
ԱՄՆ պետդեպարտամենտի հաղորդմամբ՝ «Խալիսկո. նոր սերունդ» կազմակերպությունը զբաղվում է հարյուրավոր կիլոգրամներով մետամֆետամին, հերոին և կոկաին տեսակի թմրամիջոցների արտադրությամբ և շրջանառությամբ: Այն հիմնադրվել է 2009թ.-ին: 2015թ.-ին կազմակերպության անդամները իրավապահների կողմից իրենց պարագլխին ձերբակալելու անհաջող փորձի ժամանակ հարձակվել էին ռազմական ուղղաթիռի վրա, ինչի հետևանքով մահացել էր 8 մարդ: Ավելի ուշ նրանք հարձակում էին գործել ոստիկանական պարեկախմբի վրա, ինչի զոհ էր դարձել 15 ոստիկան:
Այս տարվա մայիսին իշխանությունները ձերբակալել էին Օսեգերայի կնոջը:










