Սիրիացիների վճռականությունն ստիպեց ԱՄՆ նախագահին դուրս բերել զորքերը երկրից. Ասադի խորհրդական

23:58 • 25.12.18

Սիրիացի ժողովրդի ամուր կամքն ու վճռականությունն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ստիպեցին զորքերը Սիրիայից դուրս բերելու որոշում կայացնել:

Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով սիրիական աղբյուրին, նման կարծիք է հայտնել Սիրիայի նախագահի խորհրդական Բուսեյն Շաաբանը:

Նրա խոսքով՝ «սիրիացիների փորձը, որոնք բարեկամների և դաշնակիցների աջակցությամբ տապալել են իրենց երկիր հարյուր հազարավոր ահաբեկիչների ուղարկած պետությունների ծրագրերը, ուսանելի օրինակ է այլ ժողովուրդների համար, որոնք պաշտպանում են իրենց իրավունքները»:

ԱՄՆ-ի հեռացումը Սիրիայից Շաաբանը համեմատել է 2000 թվականին Լիբանանից իսրայելական զորքերի հապճեպ դուրսբերման հետ: Նրա կարծիքով՝ այն, ինչ տեղի է ունեցել Սիրիայում, պատմական հետևանքներ կունենա և կստիպի իմպերիալիստներին տասնամյակներ առաջ հրաժարվել իրենց գաղափարներից:

Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ Դոնալդ Թրամփը որոշում է կայացրել դուրս բերել ամերիկյան զորքերը Սիրիայից: ԱՄՆ պաշտոնյաների տվյալներով՝ ավելի քան 2000 զինվորի դուրսբերումը 60-100 օր կտևի: