ԱՄՆ-ում կրկին գվատեմալացի ներգաղթյալ երեխա է մահացել

05:25 • 26.12.18

ԱՄՆ-ում ապօրինի ներգաղթյալների պահման վայրում կրկին ներգաղթյալ երեխա է մահացել: Սա ընթացիկ ամսում ներգաղթյալ երեխայի մահվան արդեն երկրորդ դեպքն է, հաղորդում է РИА Новости-ն:

Նշվում է, որ սահմանն անօրինական ճանապարհով հատելու փորձի ժամանակ հոր հետ ձերբակալված գվատեմալացի 8-ամյա տղայի մոտ առողջական խնդիրներն ի հայտ են եկել դեկտեմբերի 24-ին, ինչից հետո երեխային հոր հետ տեղափոխել են հիվանդանոց: Բժիշկները վստահեցրել են, որ տղայի մոտ հասարակ մրսածություն է, ուստի հիվանդին հոր հետ վերադարձրել են ապօրինի ներգաղթյալների պահման վայր:Սակայն նույն օրը երեկոյան երեխայի ինքնազգացողությունը կրկին վատացել է և նրան շտապ հոսպիտալացրել են, ինչից մի քանի ժամ անց նա մահացել է:

Դեպքի առթիվ Գվատեմալայի կառավարությունը խնդրել է ամերիկյան իշխանություններին մանրակրկիտ հետաքննություն անցկացնել և պարզել բոլոր հանգամանքները: Գվատեմալայի արտգործնախարարության տվյալներով՝ երեխայի մահվան պատճառն առայժմ հայտնի չէ: Նշվում է, որ Ֆինիքսում Գվատեմալայի հյուպատոսը մտադիր է զրուցել նաև մահացած երեխայի հոր հետ՝ կատարվածի վերաբերյալ նրա տեսակետը լսելու համար: