Արցախցիներն իրենք են որոշելու իրենց ճակատագիրը. Ա. Միրզոյանը՝ արցախահայության անվտանգությունն ապահովելու վերաբերյալ Մամեդյարովի հայտարարության մասին

13:51 • 26.12.18

Էլմար Մամեդյարովին խորհուրդ եմ տալիս առաջարկը ներկայացնել նաև Արցախի ժողովրդին:

Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը՝ արձագանքելով Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հայտարարությանը, թե Բաքուն պատրաստ է ապահովել Արցախի հայության անվտանգությունը և նրանց բարձր մակարդակի ինքնակառավարման իրավունք տրամադրել:

«Ադրբեջանի արտգործնախարար Մամեդյարովն ասել է, որ Բաքուն պատրաստ է ապահովել Արցախի հայության անվտանգությունը և նրանց բարձր մակարդակի ինքնակառավարման իրավունք տրամադրել:

Պրն Մամեդյարովին խորհուրդ եմ տալիս առաջարկը ներկայացնել նաև Արցախի ժողովրդին․ ի վերջո, արցախցիներն իրենք են որոշելու իրենց ճակատագիրը։ Դա նրանց բնական, անօտարելի, որևէ սպառնալիքով կամ զենքի ուժով չճնշվող իրավունքն է, և այդ իրավունքը ուշ թե շուտ պետք է ճանաչել»,-գրել է Արարատ Միրզոյանը։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովն «Ինտերֆաքս Ադրբեջան»-ին տված հարցազրույցում հայտարարել էր, որ Բաքուն պատրաստ է ապահովել Արցախի հայության անվտանգությունը և նրանց բարձր մակարդակի ինքնակառավարման իրավունք տրամադրել:

«Մեր երկիրը, ինչպես որ ապահովում է այլ էթնիկ խմբերի ներկայացուցիչ իր քաղաքացիների անվտանգությունը, պատրաստ է իր միջազգային պարտավորություններին համապատասխան անել դա նաև Լեռնային Ղարաբաղում հայկական ծագմամբ քաղաքացիների հանդեպ», - ասել էր Մամեդյարովը: