Մեծաթիվ խմբակցությունը չի կարող լինել որոշիչ ԱԺ փոխ­նախագահի պաշտոնի համար. Հովիկ Աղազարյան

22:34 • 26.12.18

Այս պահին «Իմ քայլը» դաշինքի կողմից որևէ որոշում չկա, թե ում նախապատվություն տալ ԱԺ երրորդ փոխնախագահի պաշտոնում՝ ԲՀԿ, թե ԼՀԿ ներկայացուցչին. Tert.am-ի հետ զրույցում ասաց «Իմ քայլը» դաշինքից ընտրված պատգամավոր Հովիկ Աղազարյանը:  

Հովիկ Աղազարյանը չի կարծում, որ այդ քվեարկությամբ կորոշեն, թե որն է այդ ուժերից ավելի ընդդիմադիր: «Օրենքն է ասում, թե որն է ընդդիմադիր ուժ, երկուսն էլ ընդդիմադիր ուժ են, ուղղակի կարող ենք նշել, որ խմբակցությունը կքննարկի և որոշում կկայացնի այս կամ այն թեկնածուին պաշտպանելու օգտին՝ ինչ-ինչ նկատառումներից ելնելով՝ քաղաքական, տվյալ թեկնածուի որակների հետ կապված և այլն:

Բայց կարող է նաև այնպիսի իրավիճակ լինել, որ խմբակցությունը նման որոշում չկայացնի, և խմբակցության անդամներն ազատ լինեն իրենց քվեարկության մեջ: Բոլոր դեպքերում դեռևս հստակ ծրագրված որոշում չկա»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ ««Լուսավոր Հայաստան» կու­սակցության կողմից ԱԺ փոխնախագահի պաշտոնի համար առաջադրվել է Մանե Թանդիլյանը: ԲՀԿ-ից ևս հայտարարել են, որ թեկնածու­ կառաջադրեն:

Հովիկ Աղազարյանը նշեց, որ կոնկրետ իր կարծիքով՝ ճիշտ ընտրություն կլինի կոնկրետ անդրադառնալ թեկնածուների պատրաստվածությանը, համապատասխանությանը այդ պատասխանատու պաշտոնին: «Որովհետև նորից եմ ասում, երկուսն էլ ընդդիմադիր ուժեր են, և այստեղ մնում է ընտրության կատարել՝ ըստ նրանց պատրաստվածության, բայց քննարկման հարց է, և եթե նույնիսկ իմ այդ տեսակետին դեմ որոշում կայացնի կուսակցությունը, ես պատրաստ եմ քվեարկել այնպես, ինչպես կլինի խմբակցության որոշումը»,-ասաց նա:  

Ինչ վերաբերում է ԲՀԿ-ի այն հայտարարություններին, թե իրենք  երկրորդ ուժն են, և տրամաբանական է, որ ԱԺ փոխ­նախագահի պաշտոնը իրենց վերապահվի, Աղազարյանը նշեց, որ դա օրենքով կարգավորված չէ: «Այնպես էլ չի, որ ԲՀԿ-ն շատ-շատ ավելի առավելություն ունի «Լուսավոր Հայաստանի» նկատմամբ պատգամավորների թվի առումով, կարելի է հաշվի առնել, բայց դա չի կարող լինել որոշիչ, հակառակ դեպքում, եթե այդ հանգամանքը լիներ  որոշիչ, դա ամրագրված կլիներ օրենքով և հանձնաժողովի  նախագահների հարցի նման կդրվեր Դոնթի բանաձևով»,-ասաց նա:

Հարցին, թե իսկ ԲՀԿ-ն և ԼՀԿ-ն իրենց պնդումներով համոզեցին, թե որն է իրենցից ամենաընդդիմադիրը, Հովիկ Աղազարյանը պատասխանեց. «Դա անօգուտ ու անպտուղ բանավեճ է, որովհետև նորից եմ ասում՝ ընդդիմություն լինելը որոշված է Սահմանադրությամբ, եթե խոսքը գնում է այն մասին, թե ով ավելի լավ կկատարի այդ դերակատարությունը, ինչպես նաև մեզանից յուրաքանչյուրը որպես պատգամավոր իր դերակատարությունը, դա ցույց կտա համատեղ աշխատանքները»: