Սիրիայի քաղաքացին սպառնացել է Առողջապահության նախարարության աշխատակիցներին. shamshyan.com

10:56 • 26.12.18

Դեկտեմբերի 24-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամը 09:50-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ ՀՀ կառավարության 3-րդ մասնաշենքում մի քաղաքացի վիրավորում, հայհոյում է աշխատակիցներին և սպառնում փայտով կոտրել ապակիները և այն լցնել աշխատակիցների վրա:

Նշված վայր են մեկնել ոստիկանության կենտրոնական բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչները, որտեղ ՀՀ առողջապահության նախարարության առաջատար մասնագետներից մեկը հայտնել է, որ Սիրիայի Արաբական Հանրապետության քաղաքացի, Երևանում բնակվող Եղիա Քոշքիլյանը իր և նախարարութան մի քանի աշխատակիցների հասցեին հնչեցրել է առողջությանը ծանր վնասվածք պատճառելու սպառնալիքներ:

Սկզբնաղբյուրի տեղեկություններով՝ համայնքային ոստիկանության բաժանմունքում նախապատրաստված նյութերը փոխանցվել են նույն բաժնի հետաքննչական բաժանմունք: