Ճապոնիան որոշել է դուրս գալ Կետորսության միջազգային հանձնաժողովից ու նորից կետորսությամբ զբաղվել

17:29 • 26.12.18

Ճապոնիայի իշխանությունները որոշել են դուրս գալ Կետորսության միջազգային հանձնաժողովից, ինչը թույլ կտա այդ երկրին շուրջ 30 տարի անց կրկին կետորսությամբ զբաղվել, գրում է Kyodo գործակալությունը:

Ճապոնիայի նախարարների խորհրդի գլխավոր քարտուղար Յոսիհիդե Սուգան հայտնել է, որ գիտնականների հաշվարկով՝ ծովի ջրերում կետերի ներկայիս քանակը թույլ է տալիս զբաղվել նրանց որսով:

Նա շեշտել է, որ իրենք պատրաստվում են որսն իրականացնել բացառապես Ճապոնիային պատկանող ծովային ջրերում ու հատուկ տնտեսական գոտում: Միջազգային հանձնաժողովից դուրս գալը թույլ կտա ճապոնացի ձկնորսներին կետորսության համար բաց ծով դուրս գալ 2019 թվականի հունիսի 30-ից:

Ճապոնիայի իշխանությունները բազմիցս փորձել են բացատրել միջազգային հանրությանը, որ կետի միսն իրենց ազգային ավանդույթներից է: Ճապոնիայից բացի՝ կետերի որս իրականացնել շարունակում են Իսլանդիան և Նորվեգիան: