Դատախազությունը չի բողոքարկի Վահագն Հարությունյանի կալանքի որոշումը վերացնելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի որոշումը

16:13 • 26.12.18

«Մարտի 1-ի» գործով մեղադրյալ Վահագն Հարությունյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքի որոշումը վերացնելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազությունը վճռաբեկ բողոք չի ներկայացնի:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը. «Բողոք ներկայացնելու համար բավարար հիմքեր առկա չեն»:

Հիշեցնենք, որ Հայաստանի Վերաքննիչ դատարանը բեկանել էր «Մարտի 1-ի» քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի նկատմամբ Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից կիրառված կալանքի որոշումը:

Պաշտպանը հայտնել էր, որ Վահագն Հարությունյանը գտնվում է ՌԴ-ում և վերադառնալու է Հայաստան:

Հիշեցնենք, որ առանձնապես ծանր հանցագործության վերաբերյալ քրեական գործով ապացույցներ կեղծելը կազմակերպելու համար Վահագն Հարությունյանը որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-349-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, իսկ նշված ապացույցները կեղծելուն օժանդակելու համար փորձագետ Ա. Հ.-ն որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-349-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: