Պուտինի ու Լուկաշենկոյի սպասվող հանդիպման ամսաթիվը դեռ որոշված չէ. Պեսկով
Ռուս-բելառուսական հարաբերություններում առկա վիճահարույց հարցերը լուծելու նպատակով Ռուսաստանի ու Բելառուսի նախագահների նոր հանդիպման ամսաթիվը դեռ որոշված չէ: Այդ մասին, ինչպես հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը, լրագրողներին ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
«Դեռ հստակ ամսաթիվ չկա»,- ասել է նա:
Ավելի վաղ Պեսկովն ասել էր, որ Պուտին-Լուկաշենկո հանդիպումը տեղի կունենա մինչև տարեվերջ:
Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ «բելառուսական կողմը մի շարք հարցեր է առաջ քաշել, կան հարցեր, որոնք էլ շոշափում է ռուսական կողմը»: Նա հիշեցրել է, որ Մոսկվան ու Մինսկը որոշել են աշխատանքային խումբ ստեղծել՝ «երկկողմ օրակարգում առկա վիճահարույց հարցերի կարգավորման համար»:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր Tert.am-ը, Ռուսաստանի և Բելառուսի նախագահների՝ կարճատև ընդմիջումներով և ձևաչափերի փոփոխությամբ Կրեմլում նախօրեին անցկացված հանդիպումը տևել է մոտ 4 ժամ:
Դիտորդների կարծիքով՝ բանակցությունների առավել սուր թեմաներից է եղել Մինսկի եկամուտների կորստի փոխհատուցումը՝ Մոսկվայի կողմից իրականացվող հարկային մանևրի պատճառով: Ռուսական կողմին էլ անհանգստացնում են Բելառուսի կողմից դաշնակից պետության մաքսային ռեժիմի պարբերական խախտումները: Ի դեպ, նշվել էր, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին չի հաջողվել իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ դեկտեմբերի 25-ին կայացած հանդիպմանը հասնել ռուսական գազի գնի վերանայմանը:










