Պորոշենկոն հայտարարել է Ուկրաինայում ռազմական դրության ռեժիմի չեղարկման մասին

17:12 • 26.12.18

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է ավելի վաղ երկրի 10 նահանգում սահմանված ռազմական դրության չեղարկման մասին, հայտնում է RT հեռուստաալիքը: Այդ մասին նա ասել է երկրի ազգային անվտանգության խորհրդի նիստում:

Հիշեցնենք, որ Ուկրաինայում ռազմական դրություն էր սահմանվել Կերչի նեղուցում տեղի ունեցած միջադեպից անմիջապես հետո:

«Դա իմ սկզբունքային որոշումն է», - ասել է Ուկրաինայի ղեկավարը:

Նա նշել է, որ որոշումը կայացվել է՝ հիմք ընդունելով երկրում անվտանգության հետ կապված ընթացիկ իրավիճակը:


Հիշեցնենք, որ նոյեմբերի 25-ի առավոտյան ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը հայտնել է Ուկրաինայի ռազմածովային ուժերին պատկանող նավերի կողմից ռուսական ջրային սահմանի խախտման մասին: Նշվել էր, որ երեք ուկրաինական նավ ուղղություն է վերցրել դեպի Կերչի նեղուց՝ նախապես նավերի անցման համար համապատասխան դիմում չներկայացնելով:

Արդյունքում ռուսական կողմը բեռնանավերով փակել է նեղուցը: Բացի այդ, ռուսական սահմանապահ նավը վնասել է ուկրաինական քարշակին, որը հետևում էր նավերի խմբին: Այնուհետև Ռուսաստանն Ուկրաինայի ռազմածովային ուժերի գործողությունների պատճառով Սու-25 օդանավերը հերթապահության է ուղարկել Կերչի նեղուցի շրջանում:

Կիևը Մոսկվային մեղադրել է բացահայտ ագրեսիվ գործողություններ կատարելու համար: Կիևը նաև հայտնել է Ռուսաստանի կողմից իր նավերի ուղղությամբ կրակ բացելու ու նավերը գրավելու մասին: Ուկրաինայի ռազմածովային ուժերի փոխանցմամբ՝ ռուս սահմանապահները նավերը կանգնեցրել են զենքի կիրառմամբ: Դրա հետևանքով վիրավորվել է 3 ուկրաինացի զինծառայող: