Եթե մեքենաները կանգնեցնենք, երկիրը կաթվածահար վիճակում է հայտնվելու. միջազգային բեռնափոխադրողները բողոքի ակցիա անցկացրին Կառավարության դիմաց (տեսանյութ)

14:16 • 27.12.18

Միջազգային բեռնափոխադրողները բողոքի ակցիա անցկացրին Կառավարության շենքի առջև՝ պահանջելով վերանայել սահմանված հարկատեսակները: Ըստ նրանց՝ 3-ից 4 անգամ ավելացվել են միջազգային բեռնափոխադրողների հարկային բեռը:

Tert.am-ի հետ զրույցում ակցիայի մասնակիցները նշեցին, որ Հարկային օրենսգրքում  փոփոխությունը կատարվել է նախորդ իշխանությունների ժամանակ, 2018թ-ից ուժի մեջ է մտել, բայց հիմա են բողոքում, քանի որ տարեկան տուրքերը վճարելու ժամանակն է:

«Մենք հաստատագրված վճարով էինք աշխատում, իսկ հիմա ընդհանուր դաշտում ենք աշխատում: Ճանապարհահարկը ամսական 15 000 դրամ էր, դարձրել են տարեկան 450 000 դրամ, եռակի թանկացրել են, այն դեպքում, երբ առանց այն էլ դժվար պայմաններով  աշխատող գործունեություն է միջազգային բեռնափոխադրումները»,- ասաց ակցիայի մասնակիցներից «Կարեն-Իշխան» ՍՊԸ-ի տնօրեն Իշխան Գևորգյանը:

Ակցիայի մասնակիցները նշեցին, որ տարվա կեսը հիմնական ճանապարհներից Վերին Լարսը փակ է, որը բավական մեծ վնասների պատճառ է դառնում բեռնափոխադրող ընկերությունների համար, իսկ հարկերն էլ եռակի-քառակի թանկացրել են:





«2018թ-ի հունվարի մեկին ուժի մեջ է մտել օրենքը, բեռնափոխադրողները բողոք-դիմում են ներկայացրել Կառավարությանը և մինչ այսօր որևէ պատասխան չեն ստացել: Քանի դեռ ժողովուրդը չէր մուծել, մաշկի վրա չէր զգացել այդ բեռը: Դեռևս ոչ մեկը 450 000-ը չի մուծել, սպասում ենք փոփոխությունների»,- ասաց ընկերություններից մեկի գխավոր հաշվապահ Կարինե  Հովհաննիսյանը:

Միջազգային բեռնափոխադրողների բողոքը լսեց ՏԿՏՏ նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը: Ըստ նրա՝ պետք չէ շտապողականություն դրսևորել, քանի որ օրենսդրական համակարգային փոփոխություն է եղել, պետք է քննարկեն, որ սխալներ թույլ չտան:

Նախարարն ասաց, որ անձամբ կնախաձեռնի քննարկումը. կնստեն, սեղանի շուրջ լուծում կտան: Պայմանավորվեցին, որ հանդիպեն հունվարին և քննարկեն հարցը:

«Սիլվերտրանս» ընկերության տնօրեն Հայրիկո Վարդանյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ եթե ընթացք չտրվի իրենց բողոքին,  հետևանքները վատ կլինեն, քանի որ իրենք  ծառայություններ չեն մատուցի: «Կկանգնենք, որովհետև ավելի լավ է կանգնենք մեկ ամիս, երկու ամիս, բայց նման դեպքում երկիրը կաթվածահար վիճակում է հայտնվելու, ճանապարհները միանշանակ փակվելու են, շատ բան եղել է, որ  մեր սրտով չի եղել, բայց հաշվի առնելով, որ գործ ունենք օրենքի հետ, լռել ենք, սակայն սա այն դեպքն է, որ նախատեսվածից 3-4 անգամ թանկացում է լինելու և կործանման է տանելու բոլորիս, անհատի ու անձի խնդիր չկա, անկախ մեքենաների քանակից, շրջանառությունից, ամեն ինչն իր չափով վնաս ունի»,- ասաց նա:

Ըստ նրա՝ իրենց հաստատագրված վճարումը 75-80 հազար դրամ էր կազմում, այժմ արդեն 240-250 հազար դրամ հասնող հարկերն են, դրան էլ ավելացված ճանապարհային հարկը՝ տարեկան 450 000 դրամ։