Եգիպտոսի նախագահի՝ սպորտով զբաղվելու և նիհարելու կոչը երկրում խիստ քննադատության է արժանացել
Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս Սիսին կոչ է արել երկրի քաղաքացիներին սպորտով զբաղվել և հետևել քաշին: Ի պատասխան նրան քննադատել են երկրում աղքատների ողորմելի վիճակի համար, հաղորդում է Los Angeles Times-ը:
Թերթը գրում է, որ երկրի նախագահը նիհարելու նպատակով առողջ ապրելակերպի և ճիշտ սննդակարգի ակտիվ քարոզով է զբաղվում: Նա հրապարակայնորեն քննադատում է եգիպտացիների կենսակերպը՝ կոչ անելով դպրոցներում ավելի մեծ ուշադրություն հատկացնել ֆիզկուլտուրայի դասերին, և փորձում է հեծանիվով հաճախ երթևեկելով օրինակ ծառայել մյուսների համար:
Եգիպտոսի քաղաքացիները չեն ժխտել ճիշտ սննդակարգի և սպորտի օգտակարությունը, սակայն միևնույն ժամանակ նախագահին մեղադրել են կեղծավորության համար: Նրանց կարծիքով՝ ճարպակալման խնդրի պատճառը երկրի աղքատությունն է:
Քննադատները նշել են, որ առողջ սնունդը՝ մասնավորապես միրգ-բանջարեղենը, չափազանց թանկ են, և չունևորները կարող են միայն վատորակ սնունդ գնել: Աս Սիսիին նաև քննադատել են այն բանի համար, որ վերջինս ճարպակալման դեմ պայքարի և սպորտի տարածման համար կոնկրետ ծրագիր չի առաջարկում:
Ինչպես նշում է թերթը, 2017թ.-ի դրությամբ Եգիպտոսի 100 մլն բնակիչներից 19 միլիոնն ավելորդ քաշի խնդիր ունի, ինչն աշխարհում ամենաբարձր ցուցանիշն է:










