Սպառողի համար գազի սակագինը չի բարձրանա «Գազպրոմ Արմենիայի» ծախսերի արդյունավետության բարձրացման հաշվին. Արման Եղոյան

11:52 • 09.01.19

Սպառողի համար գազի սակագինը չի բարձրանա «Գազպրոմ Արմենիայի» ծախսերի արդյունավետության բարձրացման հաշվին: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Արման Եղոյանը: Նա նաև բացառում է սահմանին գազի սակագնի բարձրացումից հետո «Գազպրոմ Արմենիային» պարտքի գոյացումը. «Չի կարող ինչ-որ փուլում պարզվել մի բան, ինչը հիմա չի որոշվել»,- նշեց նա:

- Պարոն Եղոյան, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ գազի սակագինը սահմանին բարձրանալու է՝ 1000 խմ-ի համար 150 դոլարի փոխարեն դառնալով 165 դոլար, բայց սպառողների համար գազը չի թանկանա: Ինչի՞ հաշվին պետք է սպառողի համար գազը չթանկանա, Կառավարությո՞ւնն է սուբսիդավորելու, թե՞ «Գազպրոմ Արմենիան» է նույն սակագնով բաշխելու:

- Սպառողի համար գազի սակագինը չի բարձրանա «Գազպրոմ Արմենիայի» ծախսերի արդյունավետության բարձրացման հաշվին:

- Հաշվի առնելով նախկին փորձը՝ կարո՞ղ է ինչ-որ պահի պարզվել, որ ՀՀ-ն պարտք է «Գազպրոմ Արմենիային», հետո գույք՝ պարտքի դիմաց գործարքներ լինեն: Բացառո՞ւմ եք նման իրավիճակի ստեղծումը:

- Ամեն ինչ հիմա պետք է որոշվի: Չի կարող ինչ-որ փուլում պարզվել մի բան, ինչը հիմա չի որոշվել: Հենց երեկվանից վերսկսվել են բանակցությունները «Գազպրոմ Արմենիայի» հետ, և մոտ օրերս խնդրի լուծումը կլինի: Եվ ինչպիսին որ լինի լուծումը, դրանից հետո չի կարող պարզվել, որ լուծումն այն չէր, ինչպիսին որ էր:

- Գազը սահմանին վաճառվում է 150 կամ 165 դոլարով, բայց սպառողին այն հասնում է 290 դոլարի չափով: Հնարավո՞ր է, որ արդյունավետության բարձրացման հաշվին սակագինը ոչ միայն չբարձրանա, այլև նվազի սպառողի համար:

- Դա արդեն մասնագետները պետք է հաշվարկեն՝ գազի գնագոյացման գործոնները հաշվի առնելով:

- Կառավարության կողմից վերջին ամիսների ընթացքում ուսումնասիրություններ իրականացվում էին գազի և էլեկտրաէներգիայի սակագնի հետ կապված, հանձնաժողովներ էին ստեղծվել: Ի՞նչ արդյունքներ ցույց տվեցին դրանք:

- Այո, դրանք առանձին հանձնաժողովներ էին գազի և էլեկտրաէներգիայի գնի ուսումնասիրման: Գազի հետ կապված այս փուլում, կարելի է ասել, հենց այդ ուսումնասիրություններն են քննարկվում: