ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցը կարող է լուծվել ավելի շուտ, քան Կազմակերպության հաջորդ գագաթնաժողովի օրը. Վալերի Սեմերիկով

21:43 • 16.01.19

Դեռևս հայտնի չէ, թե երբ տեղի կունենա ՀԱՊԿ հերթական գագաթնաժողովը: Tert.am-ի հետ զրույցում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վալերի Սեմերիկովն ասաց, որ ՀԱՊԿ-ում նախագահող երկիր է Ղրղզստանը, և որպես ընդունող կողմ՝ նրանք պետք է հանդես գան հերթական գագաթնաժողովն անցկացնելու օրվա առաջարկով:

«Դեռևս գագաթնաժողովի անցկացման օրը որոշված չէ: Ղրղզստանի առաջարկից հետո այն կքննարկվի ՀԱՊԿ-ում, կհամաձայնեցվի ՀԱՊԿ անդամ բոլոր պետությունների հետ և կկայացվի որոշում»,- նշեց Վալերի Սեմերիկովը:

Հարցին՝ այդ գագաթաժողովո՞ւմ է որոշվելու, թե ով կլինի Կազմակերպության գլխավոր քարտուղարը, Վալերի Սեմերիկովն այսպես պատասխանեց. «Այդ հարցը կարող է լուծվել ավելի շուտ, քան գագաթնաժողովը կլինի: Այս հարցի լուծման տարբեր եղանակներ կան: Ընթացակարգերից մեկն այն է, որ ՀԱՊԿ նախագահները կարող են հանդիպել ու անցկացնել նիստ»:

Հարցին, թե մինչև հաջորդ նիստը կնշանակվի՞ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար, հնարավո՞ր է Կազմակերպությունը արտահերթ որոշում կայացնի, նա պատասխանեց, որ նման ինֆորմացիա չունի: