Քադաֆիի ընտանիքի անդամները Լիբիայում ինքնության հավաստագրեր են ստացել
Լիբիայի նախկին բռնապետ Մուամար Քադաֆիի ընտանիքի անդամները Լիբիայում ինքնության հավաստագրեր են ստացել: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն՝ Libya 24 հեռուստաալիքին հղումով:
Լիբիայի քաղաքացիական ակտերի գրանցման վարչության ղեկավար Մուհամադ Բետամերի խոսքով՝ ինքնության հավաստագրեր են ստացել Քադաֆիի երկրորդ կինը՝ Սոֆյա Ֆարքաշը և երեխաները, այդ թվում նաև որդին՝ Սաիֆ ալ Իսլամը:
Նախորդ տարի Լիբիայի գլխավոր դատախազությունը ծանուցագիր էր ուղարկել եգիպտական իշխանություններին, որում չեղարկել էր Քադաֆիի օրոք իշխանության որոշ ներկայացուցիչների ձերբակալման ու արտահանձնման դիմումը: Նման որոշումը դատախազությունը բացատրել է քրեական պատասխանատվության ենթարկելու համար պատճառի բացակայությամբ: Այդ ժամանակ էլ լիբիական դատարանն արդարացրել է Քադաֆիի որդիներից մեկին՝ Սաադիին, որը մեղադրվում էր 2005 թվականին «Ալ-Իտիհադ» ֆուտբոլային ակումբի խաղացողներից մեկի սպանության համար:









