Կոտայքի մարզում 28-ամյա վարորդը Opel-ով բախվել է կամրջի բետոնե անկյունային հատվածին, դին մեքենայից դուրս են բերել փրկարարները. Shamshyan.com

11:16 • 22.02.19

Այսօր՝ փետրվարի 22-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 04։20-ի սահմաններում Սևան քաղաքի բնակիչ՝ 28-ամյա Հայկ Սարկիսովը իր վարած Opel մակնիշի 91 ՕM 991 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 44-րդ կմ հատվածում, դեպի Սևան ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել Լեռնանիստ գյուղ տանող ճանապարհի կամրջի բետոնե անկյունային հատվածին։

Ինչպես տեղեկացնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդ Հ. Սարկիսովը տեղում մահացել է։

Նրա դին ավտոմեքենայից դուրս են բերել արտակարգ իրավիճակների նախարության փրկարար ծառայության թիվ 44 հրշեջ-փրկարարական ջոկատը։ Այնուհետև փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և սահմանազատել տարածքը։

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Սարգիս Բագրատյանի գլխավորությամբ։ 

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ մարզի քննչական վարչութան պետ, արդարադատության գնդապետ Մհեր Վարդանյանի գլխավորությամբ։

Տեղում քննչական աշխատանքները ղեկավարել է նույն վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ Արման Հարությունյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան քարշակի միջոցով տեղափոխվեց ոստիկանության Հրազդանի բաժնի հատուկ պահպանվող տարածք։