Մոլդովայի նախագահի ավտոշարասյունը վթարի է ենթարկվել
Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնի ավտոշարասյունը վթարի է ենթարկվել, սակայն տուժողներ չկան: Այս մասին ТАСС գործակալությանը հեռախոսով հայտնել է երկրի ղեկավարը:
«Ես աշխատանքային այցով ուղևորվում էի շրջաններից մեկը: Հանդիպակաց գիծ դուրս եկած մարդատար մեքենան բախվել է ուղեկցող մեքենային, որն ընթանում էր իմ մեքենայի հետևից: Ոչ ոք չի տուժել, մենք շարունակեցինք ճանապարհը», - ասել է Դոդոնը:
Նա նշել է, որ միջադեպի հանգամանքները պարզում է ոստիկանությունը: Դոդոնը կատարվածը համեմատել է 2018-ի սեպտեմբերի 9-ին տեղի ունեցած վթարի հետ, երբ բեռնատարը կրկին դուրս էր եկել հանդիպակաց գիծ՝ բախվելով նախագահի և թիկնազորի մեքենաներին, որոնք հարվածից կողաշրջվել էին:
Թեև Դոդոնը, նրան ուղեկցող մայրն ու որդին, ինչպես նաև թիկնապահները վնասվել էին, նախագահն այն ժամանակ բողոք չէր ներկայացրել վարորդի դեմ:










