Մեր խնդիրն ամբողջովին լուծվում է դրանով. «Ղեկը աջ» նախաձեռնության անդամը` աջակողմյան ղեկով մեքենաները մինչև մայիսի 1-ը ներկրելու որոշման մասին

11:52 • 22.02.19

Ամբողջովին գոհացնում է, մեր խնդիրն ամբողջովին լուծվում է դրանով. այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Ղեկը աջ» նախաձեռնության անդամ Դավիթ Գասպարյանը` անդրադառնալով կառավարության այն որոշմանը, որ մինչև 2018թ. դեկտեմբերի 30-ը գնված աջակողմյան ղեկով մեքենաները կարելի է ներմուծել մինչև 2019 թվականի մայիսի 1-ը:  

Անդրադառնալով վարչապետի պայմանին, որ այս խմբաքանակի ներմուծումից հետո աջակողմյան ղեկով մեքենաների ներմուծման հարցին էլ չեն անդրադառնալու, նա նշեց, որ իրենք տեղյակ էին, որ այս խմբաքանակից բացի, էլ չի թույլատրվելու ներկրումը:

«Երբ վարչապետը խոստացավ մեզ, որ այս հարցը կլուծվի, բանակցություններ սկսվեց, Տրանսպորտի նախարարությունից մեզ այդ ժամանակ զգուշացրին, որ այս խմբաքանակը մտնելու է, ու այս թեման փակվելու է, ու էլ  աջ ղեկով մեքենաներ Հայաստան չեն մտնելու»,- ասաց նա:

Իսկ թե որքանով է կառավարության այս որոշումը գոհացնում աջ ղեկով ավտոմեքենաներ ներկրողներին, նա պատասխանեց, որ «Ղեկը աջ» նախաձեռնության կազմում կան ավտոներկրողներ, և իրենց էլ է գոհացնում: «Գոհացնում է այնքանով, որ այն գումարները, որոնք սառեցված էին, այսինքն` այդ մեքենաները, որ սահմանում կանգնած էին, կներմուծվեն, և այդ գումարները հետ կգան»,- պարզաբանեց նա:

Հարցին էլ` կհասցնե՞ն ժամանակին փաստաթղթերի հետ կապված խնդիրները լուծել և կբավարարի՞ ժամկետը, Դավիթ Գասպարյանն արձագանքեց. «Վարչապետը հանձնարարական տվեց, որ արագացված կարգով մտցվի ԱԺ, այնտեղ ընթացակարգերը դուրս են գալու, խմբակցություններում չի քննարկվելու օրենքի նախագիծը: Օրենքի նախագիծն առաջին նիստին ներառված է: Եթե ԱԺ-ն չձգձգի և առաջինից երկրորդ ընթերցմամբ ընդունվի նախագիծը, ամբողջությամբ կհասցնենք»:


Ամալյա Առաքելյան