3500 աճյուն. Սիրիայի Ռաքքա քաղաքի շրջակայքում ԻՊ-ի զոհերի զանգվածային գերեզման է հայտնաբերվել

14:25 • 22.02.19

Սիրիայի Ռաքքա քաղաքի շրջակայքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զոհերի զանգվածային գերեզման է հայտնաբերվել, հաղորդում է rudaw.net-ը:

Ալ Ֆուխեյխա գյուղի մոտ հայտնաբերված գերեզմանների մեջ կան եղբայրական գերեզմաններ, որոնցում միանգամից մի քանի հարյուր աճյուն է թաղված: Նախնական տվյալներով՝ Ալ Ֆուխեյխա գյուղի մոտ առնվազն 3500 մարդու աճյուն կա թաղված:

Կայքի հաղորդմամբ՝ սա Ռաքքայում ԻՊ-ի ներխուժումից ի վեր հայտնաբերված ամենամեծ զանգվածային գերեզմանն է:

Հիշեցնենք, որ 2014թ.-ից Ռաքքան «Իսլամական պետության» մայրաքաղաքն էր համարվում: 2017թ.-ի հոկտեմբերին քաղաքն ազատագրվել էր Սիրիայի դեմոկրատական ուժերի կողմից՝ ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի աջակցությամբ: