Մեքսիկայի Սենատը հավանություն է տվել Ազգային գվարդիա ստեղծելու առաջարկին

11:22 • 22.02.19

Մեքսիկայի Սենատը միաձայն ընդունել է երկրում նոր ուժային կառույցի՝ Ազգային գվարդիայի ստեղծման առաջարկը, գրում է Reuters գործակալությունը:

Ազգային գվարդիա ստեղծելու նախաձեռնությունը պատկանում է երկրի նորընտիր նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորին: Նպատակը երկրի հետագա ռազմականացումից խուսափելն է՝ հաշվի առնելով հանցավորության և թմրաբիզնեսի դեմ 2006թ.-ից տարվող պայքարը:

Ազգային գվարդիան կազմված կլինի երկրի հիմնական ուժային կառույցների առավել պատրաստված աշխատակիցներից և ավելի շատ կվերահսկվի քաղաքացիական իշխանության մարմինների կողմից:

«Մենք կունենանք այնպիսի մարմին, որն անսահմանափակ կերպով կերաշխավորի ներքին անվտանգությունը՝ լիովին հարգելով մարդու իրավունքները: Քաղաքացիական բնույթով Ազգային գվարդիան մեզ նման երաշխիքներ տալիս է, և դա նշանակում է, որ զինված ուժերը պետք է աստիճանաբար դադարեցնի հասարակական անվտանգության ապահովման աշխատանքը և վերադառնա ծովային բազաների իրենց զորանոցներ»,- հայտարարել է Սենատի՝ օրենքի նախագծերի ուսումնասիրման հանձնաժողովի ղեկավար Էդուարդո Ռամիրեսը:

Վերջին տարիներին Մեքսիկայում բռնությունների ալիք է բարձրացել, որը հիմնականում պայմանավորված է դեպի Միացյալ Նահանգներ կոկաինի արտահանման վերահսկողության համար կարտելների միջև պայքարով:

2018թ.-ի ընթացքում երկրում ռեկորդային թվով սպանություններ են գրանցվել. Անվտանգության նախարարությունը հայտարարել է ավելի քան 33 հազարի մասին:

Հունվարի վերջին Լոպես Օբրադորը հայտարարել էր, որ Մեքսիկան դադարեցրել է թմրաբիզնեսի դեմ պայքարը: Նրա խոսքով՝ իշխանություններն իրենց հիմնական գործառույթը համարում են ոչ թե կարտելների առաջնորդների որսը, այլ կենտրոնանում են հասարակական անվտանգության ապահովման վրա՝ փորձելով իջեցնել երկրում սպանությունների, գողությունների ու առևանգումների թիվը: