Ջուլիան Ասանժն Ավստրալիայի անձնագիր է ստացել

16:00 • 22.02.19

Սկանդալային նյութերի հրապարակմամբ զբաղվող Wikileaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժը, որը 2012թ. ի վեր ապաստան է ստացել Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը, Ավստրալիայի նոր անձնագիր է ստացել:

Ինչպես հայտնում է The Sydney Morning Herald-ը, անձնագիրը տրվել է տևական բանակցությունների արդյունքում:

Ավստրալիայի արտգործնախարարության ներկայացուցիչը Սենատում հայտնել է, որ Ասանժի՝ այդ երկրի անձնագիր ստանալու համար 2018թ. ներկայցված դիմումը հաստատվել է:

«Պարոն Ասանժն Ավստրալիայի անձնագիր ունի»,-հայտարարել է ներկայացուցիչը:

Աղբյուրը նկատում է, որ սա կարևոր զարգացում է Ասանժի գործում, քանի որ վերջին շրջանում տեղեկություններն են շրջանառվում նրա վերաբերյալ, որ Էկվադորի կառավարությունն այլևս չի պատրաստվում նրան քաղաքական ապաստան տրամադրել:

Հայտնի է, որ Ավստրալիայի քաղաքացի հանդիսացող Ասանժի նախորդ անձնագրի վավերականությունը սպառվել էր մի քանի տարի առաջ: Նոր անձնագիր ստանալուց հետո, նա Ավստրալիա վերադառնալու հնարավորություն է ստացել:

Հիշեցնենք, որ Ասանժը 2012թ. գտնվում է Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը՝ փորձելով խուսափել ԱՄՆ-ին արտահանձնումից, որտեղ նա հետապնդվում է ամերիկյան հարյուր հազարավոր գաղտնի ռազմական և դիվանագիտական փաստաթղթերի արտահոսքի համար: Դեսպանատան շենքից դուրս գալու և ԱՄՆ-ին արտահանձնելու դեպքում Ասանժին սպառնում է 35 տարվա ազատազրկում կամ անգամ մահապատիժ: