Հայաստանում արգելում են պոլիէթիլենային տոպրակների անվճար տրամադրումը. նախագիծը դրվել է շրջանառության մեջ

18:01 • 22.02.19

Բնապահպանության նախարարության կողմից մշակվել է օրենքի նախագծերի փաթեթը, որով 2019 թվականի հուլիսի 1-ից կարգելվի պոլիէթիլենային տոպրակների անվճար տրամադրումը:  Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ-մամուլի քարտուղար Արմեն Վարդանյանը:

 «Օրենքի նախագծով նախատեսվում է 2020 թվականի հունվարի 1-ից պոլիէթիլենային տոպրակների իրացման դեպքում սահմանել հատուկ հարկ: Ըստ նախնական հետազոտության՝ այս միջոցառումը կբերի տոպրակների օգտագործման կտրուկ նվազեցմանը, իսկ 2022-ին նրանց վաճառքը Հայաստանում կարգելվի»,-նշել է Արմեն Վարդանյանը:

Նա տեղեկացրել է, որ մարտի 5-ին՝ ժամը 17։00-ին, Բնապահպանության նախարարության նիստերի դահլիճում էլ տեղի կունենա հանդիպում բոլոր շահագրգիռ կողմերի հետ՝ օրենքի նախագծերի փաթեթը քննարկելու նպատակով։

Նախագծի փաթեթը ներկայացված է e-draft.am հարթակում: