Bellingcat-ը հրապարակել է Սկրիպալների թունավորման գործում 3-րդ կասկածյալի լուսանկարը
Bellingcat-ի հետաքննող լրագրողները հրապարակել են բրիտանական Սոլսբերիում 2018թ. գարնանը ռուսական հետախուզական վարչության նախկին աշխատակից Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր՝ Յուլյայի թունավորման սկանդալային դեպքի երրորդ կասկածյալի լուսանկարը:
Ներկայացված անձը Դենիս Սերգեևն է, որը ծնունդով Ղազախստանից է:
Հայտնի է, որ Սկրիպալների թունավորման օրը նա Սերգեյ Ֆեդոտով անվան ներքո մեկնել է Մեծ Բրիտանիա: Հատկանշական է, որ թունավորման առաջին երկու կասկածյալները՝ «Պետրովը» և «Բոշիրովը», ևս նույն օրը Լոնդոն են մեկնել:
Աղբյուրը կասկածյալի վերաբերյալ կենսագրական տվյալներ է հրապարակել՝ նշելով, որ 2004-2012թթ. նա ութ ընկերությունում գրանցված է եղել որպես տնօրեն ու դրանց բաժնետեր: Այդ ընկերությունների մյուս բաժնետերերը ևս եղել են ՌԴ Գլխավոր հետախուզական վարչության աշխատակիցներ: Լրագրողները չեն բացառել, որ այս ընկերությունները լրտեսների կողմից օգտագործվել են տարբեր երկրների այցագրեր ստանալու գործընթացը հեշտացնելու համար:
Նրանց տվյալներով՝ 2009թ. Դենիս Սերգեևն ավելի քան 1 մլն դոլար վարկային գումար է ստացել: Իսկ 2010թ. նա Սերգեյ Ֆեդոտովի անվամբ արտասահմանյան անձնագիր է ստացել:
Ենթադրվում է, որ նա կապ է ունեցել «Վագների խմբի» հետ ու փորձել է հեղաշրջում գործել Մոնտենեգրոյում: Բացի այդ, Սերգեևը «Բրեքզիթ»-ի հարցով հանրաքվեից առաջ մեկնել է Լոնդոն, ինչպես նաև անկախության հարցով հանրաքվեից առաջ՝ Բարսելոնա:
Հիշեցնենք, որ նախկին լրտես Սերգեյ Սկրիպալը և նրա դուստրը 2018-ի մարտի 4-ին նյարդապարալիտիկ գազի ազդեցության են ենթարկվել անգլիական Սոլսբերի քաղաքում և անգիտակից վիճակում տեղափոխվել հիվանդանոց։
Թեև Մեծ Բրիտանիան պնդում է, որ հարձակման կազմակերպիչը Ռուսաստանն է, ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մի քանի անգամ հայտարարել է, որ Սկրիպալների թունավորմանը Ռուսաստանի ներգրավվածության առնչությամբ ադեկվատ և խելամիտ ապացույցներ չեն ներկայացվել:











