Վիետնամում Թրամփի և Կին Չեն Ընի հանդիպումը լուսաբանելու համար շուրջ 2 600 լրագրող է հավատարմագրվել
Ներկա դրությամբ շուրջ 2 600 օտարերկրյա լրագրող է հավատարմագրվել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընի՝ փետրվարի 27-28-ը Վիետնամի մայրաքաղաք Հանոյում կայանալիք գագաթնաժողովը լուսաբանելու համար, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը:
Վիետնամի արտգործնախարարի տեղակալ Լե Հոայ Չունգը հայտարարել է, որ Վիետնամի իշխանություններն ամեն ինչ կանեն հանդիպման ժամանակ լրագրողների անխափան աշխատանքն ապահովելու համար:
Նա հիշեցրել է, որ երկրի վարչապետ Նգուեն Սուան Ֆուկը նախարարություններին ու գերատեսչություններին հանձնարարել է առաջնորդների միջև կայանալիք գագաթնաժողովի անվտանգությունն ապահովելու համար կիրառել բոլոր անհրաժեշտ միջոցները:
Հիշեցնենք, որ Դոնալդ Թրամփի և Կիմ Չեն Ընի առաջին հանդիպումը տեղի է ունեցել 2018թ. հունիսի 12-ին` Սինգապուրում: Հրապարակային ձեռքսեղմումից հետո երկու պետությունների ղեկավարները թարգմանիչների ներկայությամբ 38 րոպե տևողությամբ առանձնազրույց են ունեցել:










