Վենեսուելայում անհայտ անձինք հարձակվել են խորհրդարանի պատգամավորներին տեղափոխող ավտոբուսի վրա
Վենեսուելայում անհայտ անձինք հարձակում են գործել ավտոբուսի վրա, որը տեղափոխում էր հումանիտար օգնությունն ընդունելու նպատակով Կոլումբիայի սահման ուղևորվող խորհրդարանականներին: Ավտոբուսի պատուհանի ուղղությամբ քարեր են նետվել, տուժել է վարորդը:
«Պորտուգեսա նահանգի Գուանարե քաղաքում Տաչիրա նահանգի Սան Կրիստոբալ քաղաք ուղևորվող խորհրդարանականների ավտոբուսը ծանր առարկաներով հարձակման է ենթարկվել, որոնցից մեկը ծանր վիրավորել է վարորդին»,- ասված է Վենեսուելայի Ազգային ժողովի թվիթերյան էջում:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Վենեսուելայի Ազգային գվարդիան խոչընդոտել է խորհրդարանականների մեքենաների շարասյան երթևեկությունը, սակայն շարասյանը հաջողվել էր անցնել իշխանությունների կողմից արգելափակված թունելի միջով:
Հիշեցնենք, որ Վենեսուելայի ինքնահռչակ նախագահ Խուան Գուաիդոն երկիր հումանիտար օգնության մուտքը թույլատրելու մասին հրամանագիր է ստորագրել: Ավելի վաղ երկրի ընդդիմադիր խորհրդարանը նույնպես հավանություն է տվել երկրի տարածք հումանիտար օգնության մուտքին, որին դեմ է Վենեսուելայի օրինական նախագահ Նիկոլաս Մադուրոյի կառավարությունը: Օգնության մատակարարումը նշանակված է փետրվարի 23-ին:










