ՀՀ-ում նոր գործարար հնարավորություններ կան, և մեզ մնում է աջակցել նրանց․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

18:20 • 23.02.19

Հայաստանում իսկապես նոր գործարար հնարավորություններ կան, և մեզ մնում է աջակցել նրանց: «Իմ քայլը՝ հանուն Լոռու մարզի» ներդրումային-բիզնես ծրագրերի համաժողովի ավարտին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«ՀՀ-ում մինչև հիմա գործընկերային նախագծերը ձախողվել են, բայց այստեղ մենք տասնյակ նախագծեր տեսանք, որոնք գործընկերային տրամաբանության մեջ կլինեն շատ հաջողակ»,- նշեց նա:

Նրա նկատառմամբ՝ նախկինում հաճախ է ասվել, որ գործընկերային նախագծերն ավարտվում են իրար խաբելով, «գցելով», նշեց նաև, որ նոր Հայաստանում արդեն ամեն գործընկեր պետք է պատասխանատվությամբ վերաբերվի իր մյուս գործընկերոջը:

«Բոլորս պետք է ջանք գործադրենք, որ նոր ՀՀ-ում նոր տրամաբանություն աշխատի»,- ասաց նա:

Վարչապետը հույս հայտնեց, որ համաժողովի ժամանակ առաջարկված ներդրումային ծրագրերի շրջանակներում նոր մարդիկ կհայտնվեն, իրար նկատմամբ վստահությունը կբարձրանա, ինչպես բարձր է վստահությունը ՀՀ ժողովրդի և կառավարության նկատմամբ:

«Մենք այլևս այն երկրում չենք, որտեղ մոդա է խաբելն ու «գցելը», մենք այն երկրում ենք, որտեղ վստահությունն ամենակարևոր արժեքն է»,- ասաց նա: