Աղտոտված սննդամթերքից աշխարհում տարեկան հիվանդանում է մոտ 600 մլն մարդ, գրանցվում է 420,000 մահվան դեպք. մասնագետի խորհուրդները
Աղտոտված սննդամթերքից աշխարհում տարեկան հիվանդանում է մոտ 600 մլն մարդ, այսինքն՝ ամեն 10-ից 1-ը, տարեկան գրանցվում է 420,000 մահվան դեպք, որից 30%-ը` մինչև 5 տարեկանների շրջանում. Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) կողմից կազմակերպված սեմինար-քննարկմանը, ներկայացնելով Սննդի անվտանգության հիմունքները, նշեց ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտի հանրային առողջապահության մասնագետ Հրայր Ասլանյանը:
Ըստ նրա՝ այդ հիվանդությունները շուրջ 200 տեսակի են՝ փորլուծությունից մինչև քաղցկեղ: Հրայր Ասլանյանը նշեց, որ միայն փորլուծությունից տարեկան 550 մլն հիվանդության և 230 000 մահվան դեպք է գրանցվում: Նույնիսկ եվրոպական տարածաշրջանում տարեկան հիվանդանում է 23 մլն մարդ, որից 3 մլն-ը՝ 5 տարեկանների շրջանում, արձանագրվում է մահվան 5000 դեպք:
Մասնագետը բացատրեց, որ միկրոօրգանիզմներն ապրում են ամենուր՝ հաճախ հանդիպում են արտաթորանքում, հողում և ջրում, կրծողների, միջատների, ընտանի կենդանիների վրա, մարդկանց աղիներում, բերանի և քթի մեջ, ձեռքերի, եղունգների և մաշկի վրա: Միկրոբները հաճախ փոխանցվում են ձեռքերի միջոցով, կարող են տարածվել աղտոտված ջրի կամ սննդամթերքի միջոցով, դրանց համար աղբյուր կարող են հանդիսանալ ընտանի կենդանիները:
Միկրոօրգանիզմների մեծ մասն «աճում է» բազմացման միջոցով, որի համար պահանջվում է սնունդ, ջուր, ժամանակ, ջերմություն: «Միսը, ծովամթերքը, եփած բրինձը, մակարոնեղենը, կաթը, պանիրը և ձուն՝ իդեալական միջավայր են միկրոօրգանիզմների բազմացման համար: Մեկ բակտերիան 15 րոպեում դառնում է 2, իսկ 6 ժամում`16 միլիոն: Վնասակար ազդեցության համար որոշ բակտերիաների քանակը պետք է հասնի հսկայական թվերի, մյուսները կարող են հիվանդություն առաջացնել նույնիսկ փոքր քանակներով»,-ասաց նա:
Հրայր Ասլանյանը նշեց, որ սննդային հիվանդություններն առաջանում են վտանգավոր միկրոօրգանիզմների կամ թունավոր քիմիկատների ազդեցության հետևանքով:
Մասնագետը խորհուրդ է տալիս, որ միրգ-բանջարեղենի մակերեսին գտնվող ագրոքիմիկատներով թունավորվելու վտանգը նվազեցնելու համար` մթերքները լվանալ կամ կլպել, պահպանել մաքրություն, առանձնացնել հում մթերքը պատրաստի սննդից, ապահովել պատշաճ ջերմամշակում, պահել սննդամթերքը անվտանգ ջերմաստիճանի պայմաններում, օգտագործել մաքուր ջուր և պարենային հումք:
«Հիշեք՝ սննդամթերքի հետ պատշաճ կերպով վարվելու պարագայում սննդային հիվանդությունների մեծ մասը կարելի է կանխել»,-եզրափակեց նա:










