Բարեգործության ոլորտը կարգավորող օրենք է հարկավոր. բարեգործական կազմակերպությունների ղեկավարներն ահազանգում են խարդախության դեպքերի մասին (տեսանյութ)

17:51 • 23.02.19

Մեկ նպատակի՝ բարեգործության շուրջ համախմբված հասարակական կազմակերպությունների ղեկավարներին մեկտեղել է նույն մտահոգությունը՝ պայքար կեղծ բարեգործների ու նրանց հանցավոր գործունեության դեմ: Այս մասին նրանք խոսեցին այսօր հրավիրված ասուլիսին:

«Հայ մայրեր» բարեգործական հասարակական կազմակերպության ղեկավար Նարինե Մանուկյանը փաստեց՝ իրենք տարիներ շարունակ խոսել են այդ մասին, սակայն ոչ մի կերպ չի հաջողվել բարձրացնել հասարակության իրազեկվածությունը:

«Ոչ մի կերպ չենք կարողանում մարդկանց հասցնել այն ինֆորմացիան, որ պետք չէ բարեգործության շղարշի տակ թաքնված հանցագործների ջրաղացին ջուր լցնել և է՛լ ավելի բարդացնել այն իրավիճակը, որն այսօր առկա է ՀՀ-ում: Ցավոք, չկա այս ոլորտը կարգավորող ոչ մի օրենք, սրանից էլ սկսում են այն բոլոր հանցագործություններն ու խարդախությունները, որոնց մասին մենք տարիներ շարունակ խոսում ենք:

Կոչ ենք անում ամսագրեր չգնել, բայց փաստն այն է, որ տարիների ընթացքում այդ ամսագրերի «բարեգործական բիզնեսը» գնալով աճում է: Հեղինակավոր կազմակերպությունների անուններն օգտագործելով՝ շատերը զանգահարում են տներ, վաճառում են նույնիսկ արդեն խաղալիքներ: Կոնկրետ «Հայ մայրերի» անունն օգտագործվում է ամեն քայլափոխին: Ես 2-3 օրը մեկ ստանում եմ նամակներ մարդկանցից, որ գրում են. «Նարինե ջան, մենք գումար ենք փոխանցել, փոքրիկ գումար է, բայց հուսով ենք՝ ինչ-որ մի բանի կծառայի»: Եվ ես ամեն անգամ ապշում եմ, թե հանցագործներն իսկապես ինչ հնարքներ են գտնում մարդկանցից գումարներ կորզելու համար»,-ասաց Նարինե Մանուկյանը:

Վերջին երկու դեպքերի բացահայտումը բարեգործական կառույցների ղեկավարներին ստիպեց կրկին բարձրաձայնել իրենց ոլորտի համար ցավոտ խնդրի մասին: «Մենք ենք» բարեգործական հարթակի հիմնադիր Սոնա Ազարյանը վերջերս բացահայտել է 3 տարեկան Նարեկ Ադամյանին օգնելու պատրվակով դրամահավաքի դուրս եկած աղջիկներին ու նրանց գործունեությունը վերահսկող Արման Չիվչյանին, ինչից հետո, իր խոսքով, սկսել է սպառնալիքներ ստանալ վերջինիս կողմից: Փաստերը ձեռքին՝ նա պատրաստվում է դիմել իրավապահ մարմիններին:

«Մենք չէ, որ պիտի այս հարցերը բարձրաձայնենք և սրանով զբաղվեն: Գոյություն ունեն պաշտոնական մարմիններ: Ես ձայնագրել եմ Նարեկի մայրիկի հետ հեռախոսազրույցը, որում նա պատմել է, թե ինչպես է եկել իրենց տուն Մալյան ազգանունով մեկը, նա ստորագրել է ինչ-որ թղթերի տակ: Նա նաև ասում է, որ դեռ այս պահին գումար հավաքված չէ, միայն տակդիրներ, հագած շորեր են ուղարկել իրեն: Դրանից հետո երեխայի մայրը փորձում է կապվել այդ կազմակերպության հետ, բայց իմ պատկերացմամբ դա ինչ-որ հանցավոր խումբ է: Երեկոյան արդեն սկսեցին ինձ զանգահարել տարբեր անծանոթ համարներից, ճնշումներ գործադրել ու սպառնալիքներ հնչեցնել: Ինձ թվում է՝ բավարար ապացույցներ կան, և այդ ամենը արդեն կարող է պատճառ հանդիսանալ, որ պաշտոնական մարմինները քրեական գործ հարուցեն կամ ինչ-որ կերպ պայքարեն այս ապօրինի գործունեությամբ զբաղվողների դեմ»,-ասաց Սոնա Ազարյանը:

Նմանատիպ մեկ այլ դեպք էլ գրանցվել է փոքրիկ Անուլյայի բուժման համար, որը «Կյանքի ճանապարհ» հասարակական կազմակերպության շահառուն է: Կազմակերպության ղեկավար Ելենա Բաղդասարյանի խոսքով՝ իրենք, գրանցված լինելով հարկային դաշտում, թափանցիկ գործունեություն են իրականացնում, մինչդեռ նման կեղծ բարեգործական քայլերը, փողոցային կամ ֆեյսբուքյան տիրույթում, երբեմն, ֆեյք էջերից արվող դրամահավաքները խոչընդոտում են իրենց աշխատանքին:

«Մենք տրամադրում ենք թափանցիկ հաշվետվություն: Ցանկացած պետական մարմին կարող է մեր գործունեությունը ստուգել, իսկ ինչպե՞ս է հնարավոր ստուգել այլ ճանապարհներով հավաքված գումարների իսկությունը: Ես երեկ կրկին ականատես եմ եղել, որ այս պատմությունը բարձրաձայնելուց հետո, այդ նույն աղջիկները նույն արկղերով Parma սուպերմարկետի մոտ կանգնած գումար էին հավաքում: Մոտեցել եմ ոստիկանին, ասում եմ՝ մուրացկանությունը հետապնդվող երևույթ է, ո՞նց եք թույլ տալիս: Բայց իրենց զգուշացնելուց քիչ անց այդ աղջիկները կրկին նույն տեղում էին»,-ասաց Ելենա Բաղդասարյանը:

Բարեգործական կառույցների ղեկավարները նշում են, որ չկա ոլորտը կարգավորող օրենք, և դրանից էլ սկսվում են բոլոր խարդախությունները: Նրանք խնդրի լուծումը տեսնում են բացառապես օրենսդրական կարգավորման տեսքով, իսկ քաղաքացիներին հորդորում են փողոցում արկղերով գումար հավաքողներին երբեք գումար չտրամադրել: