Կլիչկոն եթերում զավեշտալի վրիպակ է թույլ տվել՝ անգիտակցաբար «մեծացնելով» ուկրաինական հիվանդանոցներում մահացության ցուցանիշը (տեսանյութ)

11:35 • 23.02.19

Ուկրաինայի մայրաքաղաք Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն NewsOne հեռուստաալիքի ուղիղ եթերում զավեշտալի վրիպակ է թույլ տվել՝ անգիտակցաբար «մեծացնելով» ուկրաինական հիվանդանոցներում մահացության ցուցանիշը:

Հեռուստահաղորդման տեսանյութն ավելի ուշ Facebook-ի իր էջում հրապարակել է լրագրող Տատյանա Վիսոցկայան:

«Եթե նախկինում ինտենսիվ թերապիայի բաժանմունքում մահանում էր ամեն 6-րդ մարդը, ապա հիմա՝ ամեն երկրորդը: Սա շատ կարևոր է: Մենք բարձրացնում ենք մակարդակը, մենք փրկում ենք կյանքեր», - ասել է քաղաքական գործիչը:

«Լացե՞լ, թե՞ ծիծաղել», - հրապարակմանը կից գրել է Վիսոցկայան՝ նկատելով, որ հենց Կլիչկոն է շարունակում գլխավորել Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի կուսակցությունը:

Լրագրողը նկատել է, որ Կիևի քաղաքապետը կրկնում է անգիր արած տեքստեր՝ չխորանալով դրանց իմաստի մեջ:

«Չնայած՝ սրանք ինչ հարցեր են, ի վերջո, քաղաքը ղեկավարում է ոչ թե Կլիչկոն, այլ շինարարական մաֆիան, որին նա բերել է», - նշել է լրագրողը: