Սուդանի նախագահը երկրում մեկ տարի ժամկետով արտակարգ դրություն է հայտարարել

04:13 • 23.02.19

Սուդանի նախագահ Օմար ալ-Բաշիրը երկրում մեկ տարի ժամկետով արտակարգ դրություն է հայտարարել, հաղորդում է RT-ն:

Աղբյուրի փոխանցմամբ` Սուդանի ղեկավարը նշել է, որ արտակարգ դրության ռեժիմն անհրաժեշտ է երկրում տիրող իրավիճակը կայունացնելու և տնտեսական բարեփոխումներ իրականացման համար, որոնք դուրս կբերեն երկիրը ճգնաժամից:

Բացի այդ, ալ-Բաշիրը հայտարարել է գործող կառավարության լուծարման և բոլոր նահանգապետերի պաշտոնանկության մասին: «Ես կստեղծեմ նոր տեխնոկրատների կառավարություն` տնտեսական անհետաձգելի բարեփոխումներ իրականացնելու նպատակով»,- ասել է նա:

Հիշեցնենք, որ փետրվարի 16-ին Սուդանն արդեն չորրորդ անգամ ամբողջությամբ հոսանքազրկվել էր, ինչն առաջացրել էր ժողովրդի դժգոհությունը: Սուդանում բողոքի ակցիաները սկսվել են 2018 թվականի դեկտեմբերին` վառելիքի, հացի և ալյուրի թանկացման պատճառով:

Օմար ալ-Բաշիրը Սուդանը ղեկավարում է 1996 թվականից: Նա համարվում է նաև երկրի կառավարության ղեկավարը: