ՄԱԿ-ը կոչ է արել Մադուրոյին ցուցարարների դեմ զենք չգործածել

17:23 • 23.02.19

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը կոչ է արել Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին ցուցարարների նկատմամբ զենք չգործածել, գրում է РИА Новости-ն: 

«Գլխավոր քարտուղարը իմպերատիվ կերպով կոչ է անում Վենեսուելայի իշխանություններրին ցուցարարների նկատմամբ զենք չկիրառել»,- ասված է Գուտերեշի մամուլի ծառայության հաղորդման մեջ:

Երեկ Գուտերեշը հանդիպում էր ունեցել Վենեսուելայի արտգործնախարար Խորխե Արրեասայի հետ: Նրանք քննարկել էին երկրում և տարածաշրջանում տիրող իրավիճակը:

«Գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ ՄԱԿ-ը կշարունակի գործել մարդասիրության, չեզոքության, անաչառության և անկախության հումանիտար սկզբունքներին համապատասխան՝ համագործածցելով Վենեսուելայի հաստատությունների հետ և օգնելով կարիքավոր մարդկանց»,- հայտնել են քարտուղարի մամուլի ծառայությունից:

Նախօրեին հաղորդվել էր, որ Վենեսուելայում զինվորները կրակ են բացել խաղաղ բնակիչների ուղղությամբ, որի հետևանքով 2 մարդ էր զոհվել, ևս 22-ը տուժել էին:

Հիշեցնենք, որ Վենեսուելայում հունվարի 23-ից բողոքի զանգվածային ցույցեր են ընթանում երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոյի դեմ: Ցուցարարները պահանջում են վերջինիս հրաժարականը և երկրում սահմանադրական կարգերի վերահաստատում: Քաղաքական լարված իրավիճակի ֆոնին երկրի ընդդիմադիր խորհրդարանի առաջնորդ Խուան Գուաիդոն իրեն նախագահի ժամանակավոր պաշտոնակատար է հռչակել: ԱՄՆ-ն և մի շարք երկրներ ճանաչել են վերջինիս իշխանությունը, մինչդեռ Ռուսաստանը, Չինաստանը և այլ պետություններ աջակցում են Մադուրոյին: