Կոլումբիայի իշխանությունները հայտնել են սահմանին բախումների հետևանքով ավելի քան 280 տուժածի մասին
Վենեսուելայի և Կոլումբիայի սահմանին կամավորների և վենեսուելացի իրավապահների միջև բախումների հետևանքով առնվազն 285 մարդ է տուժել: Այս մասին, ինչպես գրում է РИА Новости-ն, շաբաթ՝ փետրվարի 23-ին, հայտարարել է Կոլումբիայի արտաքին գործերի նախարար Կառլոս Օլմես Տրուխիլյոն սահմանամերձ Կուկուտա քաղաքում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ:
«Ներկա պահին բախումների հետևանքով տուժել է 285 մարդ, մեծ մասամբ արցունքաբեր գազի և ոչ մահաբեր զենքի գործածության պատճառով: 37 մարդ հոսպիտալացվել է», - հայտարարել է նախարարը:
Արտգործնախարարի խոսքով՝ տուժածներից 255-ը վենեսուելացիներ են, 30-ը՝ կոլումբիացիներ:
Գուաիդոն բազմիցս նշել է, որ արտերկրից հումանիտար օգնությունը Վենեսուելա կժամանի փետրվարի 23-ին: Նրա խոսքով՝ իշխանությունները փորձելու են խանգարել դրա մատակարարմանը, սակայն ընդդիմությունը կամավորների միջոցով այնուամենայնիվ կկարողանա բաժանել սննդամթերքն ու դեղորայքը բնակչությանը:










