Արբիտրաժին դիմելը հաղթելու երաշխիք չէ. դատարանները պատճառվող վնասն ավելի են կարևորում, քան ներդրողի շահը. Բագրատյանը՝ Ամուլսարի հանքի շահագործման մասին

10:27 • 24.02.19

Սյունիքի և Վայոց ձորի մարզերն ընդգրկող թիվ 12 ընտրատարածքից ընտրված բոլոր խմբակցությունների պատգամավորներն օրերս հանդիպել են Ջերմուկի բնակիչների հետ՝ քննարկելու Ամուլսարի ոսկու հանքի շահագործման խնդրին: Պատգամավորների թվում է եղել նաև ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը, ով Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ բնակիչներին բնապահպանական խնդիրներն էին հետաքրքրում:

«Ջրային ռեսուրսների հետ կապված մտավախություններ էին հայտնում, որ հնարավոր չի լինի Ամուլսարի շահագործման պայմաններում Ջերմուկի առողջարանային կարգավիճակը պահպանել, ինչպես նաև Գնդեվազ և Կեչուտ գյուղերում մրգի հետ կապված մտահոգություններ կային, նշում էին, որ իրենց ապրուստի հիմնական միջոցը մրգի արտադրությամբ զբաղվելն է, և դա նույնպես վտանգված էին համարում»,- ասաց նա: 

Ըստ նրա՝ անասնապահության հարցում էլ հանքի շահագործումը վտանգավոր էին համարում, որ օգտվում է այն խոտից, որը հնարավոր է՝ վարակված լինի որոշակի ռադիոակտիվ նյութերով. «Մտահոգություն ունեն, որ արտադրված կաթը չեն գնի, և իրենք ձեռնունայն կմնան»: 

Թե ինքը որպես պատգամավոր ի՞նչ տեսակետ ունի, արդյոք բնակիչների մտահոգությունները համոզի՞չ էին, Սերգեյ Բագրատյանը կարծիք հայտնեց, որ ցիանային եղանակով կորզման դեպքում հնարավոր չի լինի խուսափել ռիսկերից: «Ամուլսարի շահագործման համար նախատեսված այս ծրագիրն նման պայմանների դեպքում ընդունելի չեն»,- ասաց նա:

Հարցին, թե չի կարծում արդյոք, որ ՀՀ կառավարությունը մի կողմից վարում է ներդրումների խրախուսման քաղաքականություն, մյուս կողմից՝ խոչընդոտում Ամուլսարի շահագործմանը, և սա արդյոք ներդրողների համար նախադեպ չի հանդիսանա, Բագրատյանը պատասխանեց, որ լուրջ կառույցների կողմից ներդրումներ անելիս պետք է հաշվի առնվեն նաև դրանց ռիսկերը։  

«Ռիսկերի վերաբերյալ ներկայացնում ենք հիմնավոր փաստարկներ. միջազգային երեք՝ ամերիկյան, կանադական ու ավստրալական բնապահպանական ճանաչված կազմակերպություններ հստակ ներկայացրել են իրենց եզրակացությունները վերոհիշյալ ծրագրի վերաբերյալ։ Միայն ներդրողի ցանկությունը բավարար չէ ռիսկերի բացակայությունը հիմնավորելու համար, ռիսկերի վերաբերյալ առկա եզրակացությունները՝ նաև Արփա գետի ամբողջ երկայնքով ցիանիդի առկայության, աղտոտված, թունավորված միկրոկլիմայի մասին, կարող եմ տրամադրել նաև մասնավոր կառույցներին։ Այլ խնդիր է, որ նրանք գտնեն բնությանը վնաս չհասցնելու և վնասներից զերծ մնալու եղանակը, որը կձևավորի փոխադարձ հարգանք ներդրողի ու քաղաքացու միջև»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է հանքը շահագործողների ակնարկներին, որ կարող են միջազգային արբիտրաժ դիմել և պետությանը խնդրի առջև կանգնեցնել, Սերգեյ Բագրատյանը նշեց. «Եթե մենք ներկայացնում ենք միջազգային հեղինակավոր կառույցների կարծիքը, իրենք կարող են հղում անել, որ վերոհիշյալ ծրագիրը հաստատվել է նախորդ կառավարության կողմից։ Այս երկու փաստարկները միջազգային կառույցների կողմից չեն կարող դիտարկվել համարժեք, քանի որ մարդկությանը պատճառվող վնասը շատ ավելի է կարևորվում միջազգային հանրության ու դատարանների կողմից, քան որևէ ներդրողի շահը։ Այսինքն՝ միջազգային արբիտրաժին դիմելու հանգամանքը դեռևս հաղթելու երաշխիք չէ»։

Նա հավելեց, որ թույլտվությունների հանգամանքը ևս խնդրահարույց է, ինչը կարող է ապացույց լինել, որ գործարքը չի կնքվել օրինականության շրջանակներում, պարունակում է ռիսկեր:

«ԲՀԿ» պատգամավորը հաստատեց, որ իսկապես Ամուլսարի խնդիրը ներկայիս կառավարության համար լրջագույն հարցերից մեկն է։ «Այն լուրջ տեղ է զբաղեցնում կառավարության օրակարգում, և համակողմանի քննարկման անհրաժեշտություն կա։ Կրկին ուզում եմ շեշտել, որ խիստ կարևոր է հաշվի առնել այն ռիսկերը, որոնք վտանգ են հանդիսանում բնակչության համար»:

Իսկ թե հնարավոր է հանքը շահագործել՝ նվազեցնելով ռիսկերը, պատգամավորը նշեց. «Ժամանակակից տեխնոլոգիաներով իրականացվող հանքարդյունաբերությունը պարունակում է բնապահպանական փոքր ռիսկեր, սակայն այդ տեխնոլոգիաներն ավելի թանկ արժեն, իսկ ցանկացած կառավարություն պետք է պաշտպանի իր քաղաքացու շահերը»: