Լրացուցիչ ուսումնասիրությունների կարիք կա հասկանալու համար, թե արդյոք եղել է իրավունքների խախտում. Արցախի ՄԻՊ-ը՝ Սամվել Բաբայանի հայտարարության մասին

16:09 • 24.02.19

Այս պահին ես դեռ չեմ կարող վերջնական գնահատական տալ, որովհետև լրացուցիչ ուսումնասիրությունների կարիք կա: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը՝ անդրադառնալով ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար, Արցախի հերոս Սամվել Բաբայանի գրասենյակի հայտարարությունը:

«Այս պահին ես դեռ չեմ կարող վերջնական գնահատական տալ, որովհետև լրացուցիչ ուսումնասիրությունների կարիք կա: Այսինքն` իրենց նշած որոշումներն էլ, ԿԸՀ որոշումներն էլ պետք է ուսումնասիրենք, նաև պետք է հասկանանք իրավաչափությունը, համաչափությունը սահմանափակումների, հետո նոր հնարավոր կլինի գնահատական տալ՝ արդյոք կա իրավունքների խախտում, թե ոչ»,-ասաց նա:

Արտակ Բեգլարյանը հավելեց, որ ոլորտը կարգավորելու կարիք ունեցել է, ուղղակի պետք է հասկանալ` արդյոք սահամանփակումները իրավաչափ և համաչափ են:

Հիշեցնենք, որ երեկ Բաբայանի գրասենյակը հայտարարություն էր տարածել՝ կոչ անելով Արցախի իշխանություններին սահմանադրական փոփոխություններ իրականացնելու ստորագրահավաքին չխոչընդոտել: «Կոչ ենք անում վերադառնալ օրինական դաշտ, աշխատել օրենքի սահմաններում, վերջ տալ բռնանալ մարդկանց իրավունքների վրա, այլապես դուք ինքներդ եք դրդում ժողովրդին վաղաժամ որոշումների՝ այն է հեղափոխության»,-ասված էր հայտարարության մեջ:

Իսկ ԱՀ նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանն էլ Tert.am-ի հետ զրույցում նշել էր. « Որևէ մեկը չի կարող լինել օրենքից բարձր. Արցախի իշխանությունները չեն խոչընդոտում սահմանադրական փոփոխություններ իրականացնելու ստորագրահավաքին»: