Սանկտ Պետերբուրգում ադրբեջանցին BMW X6-ով վրաերթի է ենթարկել հետիոտների խմբին. կա 2 զոհ (տեսանյութ)

14:33 • 24.02.19

Լույս փետրվարի 24-ի գիշերը Սանկտ Պետերբուրգի Նևսկի մայրուղու վրա BMW X6-ի վարորդը՝ ազգությամբ ադրբեջանցի Մուրադ Քասիմովը, բարձր արագությամբ դուրս է եկել մայթի վրա ու, վրաերթի ենթարկելով հինգ հետիոտնի, դարձել երկու մարդու մահվան պատճառ, հայտնում է gazeta.ru-ն:

Ներքին գործերի նախարարության փոխանցմամբ՝ 30-ամյա կասկածյալը ոչ սթափ վիճակում մեքենա վարելու պատճառով 2018թ. նոյեմբերին 18 ամսով զրկվել էր վարորդական իրավունքից:

Հայտնի է, որ Քասիմովը Սանկտ Պետերբուրգ է տեղափոխվել մոտավորապես շուրջ 9 տարի առաջ: Հատկանշական է, որ երկու տարվա ընթացքում Քասիմովն ավելի քան 50 անգամ խախտել է ճանապարհային երթևեկության կանոնները:

Հայտնի է, որ 30 000 ռուբլու չափով տուգանքների չվճարման հետևանքով ոստիկանությունն ավելի վաղ սահմանափակում էր դրել նրա մեքենայի գրանցման գործողությունների վրա:

Ինչ վերաբերում է ողբերգական վրաերթին, ապա փետրվարի 24-ին Քասիմովին տարել են դատաբժշկական փորձաքննության: Կասկածյալն ուժայիններին պատմել է, որ նախքան ավտովթարը եղել է գիշերային ակումբում:

«Դումսկի փողոցի բարում տրամադրությունը բարձրացնող գազ եմ շնչել, այդ պատճառով էլ անջատվել եմ: Ճիշտն ասած, շոկի մեջ եմ»,- ասել է ադրբեջանցին:

Հայտնի է, որ միջադեպի հետևանքով  հոսպիտալացվել է երեք մարդ:

Նշվում է, որ զոհերից մեկն ԱՄՆ-ի 40-ամյա քաղաքացի է, մյուսը՝ Մոսկվայի 39-ամյա բնակչուհի:

Վարորդը ձերբակալվել է: Հարուցվել է քրեական գործ: