Հռոմի պապը մանկապղծությունը համեմատել է մարդկային զոհաբերության հետ

17:24 • 24.02.19

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Կաթոլիկ եկեղեցում մանկապղծության արատավոր երևույթի դեմ պայքարի թեմայով քառօրյա համաժողովի փակմանը կոչ է արել բոլոր միջոցներով պայքարել այդ հանցանքի դեմ՝ այն որակելով «գարշելի» ու համեմատելով մարդկային զոհաբերության հետ:

Ինչպես նշում է The Guardian-ը, պոնտիֆիկոսն ընդգծել է, որ Հռոմի կաթոլիկ եկեղեցին չպետք է ջանք խնայի մանկապիղծներին արդարադատության առջև կանգնեցնելու հարցում, չպետք է կոծկի ու թերագնահատի փոքրերի նկատմամբ սեռական բռնության դեպքերը:

«Ինչպես պատմությունն է ցույց տալիս՝ փոքրերի նկատմամբ սեռական բռնություն գործելը համատարած երևույթ է բոլոր մշակույթներում և հասարակություններում: Եվ դա ինձ հիշեցնում է ժամանակին որոշ մշակույթներում տարածված դաժան կրոնական ծեսը, որը ենթադրում էր մարդկանց՝ հաճախ երեխաների զոհաբերություն»,-ասել է կաթոլիկների հոգևոր առաջնորդը:

Հռոմի պապն իր խոսքում մանկապղծությունը չարիքի դրսևորում է անվանել: