Ալժիրում շարունակվում են բողոքի ակցիաները` երկրի 81-ամյա նախագահի պաշտոնավարման հինգերորդ ժամկետի դեմ

04:52 • 25.02.19

Ալժիրի մայրաքաղաքում կիրակի փողոց են դուրս եկել հարյուրավոր ցուցարաներ` իրենց դժգոհությունն արտահայտելով երկրի գործող նախագահ Աբդելազիզ Բուտեֆլիկի պաշտոնավարման հինգերորդ ժամկետի դեմ, ТАСС-ի փոխանցմամբ` հայտնում է Agence France-Presse-ը:

Աղբյուրի հաղորդմամբ` կիրակի բողոքի ցույցին ավելի քիչ մարդ է մասնակցել, քան ուրբաթ տեղի ունեցած ակցիային, որի ընթացքում Ալժիրի փողոցներ էին դուրս եկել   տասնյակ հազարավոր քաղաքացիներ: Ակցիան իրականացվել է «Ազատ և ժողովրդավարական Ալժիր. ոչ հինգերորդ ժամկետին» կարգախոսով:

Ալժիրում գործող նախագահի հետագա պաշտոնավարման դեմ ընթացող ակցիաները ղեկավարում է «Մուվաթանա» շարժումը: Ոստիկանությունը ցուցարարներին ցրելու համար արցունքաբեր գազ է կիրառել, մի քանի հոգի ձերբակալել է:

AFP-ն հայտնում է, որ ուրբաթ տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ ձերբակալվել է առնվազն 41 մարդ:

Նշենք, որ 2019-ի փետրվարի 10-ին Ալժիրի նախագահ, 81-ամյա Աբդելազիզ Բուտեֆլիկը, որը երկիրը ղեկավարում է 1999 թվականից, հայտարարել էր ապրիլի 18-ին կայանալիք նախագահական ընտրություններին իր թեկնածությունը հինգերորդ անգամ առաջադրելու մասին: