Բանգլադեշից Դուբայ թռչող ինքնաթիռն առևանգել ցանկացող ուղևորը զինված է եղել խաղալիք ատրճանակով

12:22 • 25.02.19

Բանգլադեշից Դուբայ թռչող՝ Biman Bangladesh ավիաընկերությանը պատկանող Boeing 737 ինքնաթիռի ուղևորը, որը նախօրեին փորձել էր առևանգել ինքնաթիռը և սպանվել էր հատուկ ծառայությունների աշխատակիցների կողմից, պարզվել է՝ զինված է եղել խաղալիք ատրճանակով, գրում է Bdnews24 գործակալությունը՝ Չիտտագոնգ քաղաքի ոստիկանության կոմիսարին հղումով:

Ոստիկանության ներկայացուցիչները չեն մեկնաբանել, թե ինչպես է ուղևորին հաջողվել խաղալիք ատրճանակով ինքնաթիռ բարձրանալ:

Հիշեցնենք, որ Դուբայ մեկնող ինքնաթիռը թռիչքից 40 րոպե անց հարկադիր վայրէջք էր կատարել, երբ «զինված» ուղևորը փորձել էր առևանգել ինքնաթիռը՝ զենքով ներխուժելով օդաչուների խցիկ: 

Ականատեսների վկայությամբ՝ երիտասարդը մոտ 20 տարեկան է եղել: Նա սպառնացել է զենքով և պահանջել, որ իրեն թույլ տան խոսել Բանգլադեշի վարչապետ Շեյխ Հասինայի հետ: Ուղևորը հատուկ ծառայությունների աշխատակիցների հետ բախման հետևանքով վիրավորվել և մահացել է:

Ուղևորի ինքնությունը դեռևս չի հրապարակվում: Ուժայինները չեն բացառում նրա մոտ հոգեկան շեղումների առկայության հնարավորությունը: