Խավիեր Բարդեմն «Օսկար»-ի ժամանակ քննադատել է Թրամփի՝ սահմանային պատ կառուցելու որոշումը (լուսանկարներ, տեսանյութ)
Իսպանացի հայտնի դերասան Խավիեր Բարդեմը Լոս Անջելեսում կայացած «Օսկար» կինոմրցանակաբաշխության ժամանակ անուղղակի ձևով քննադատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միգրացիոն կոշտ քաղաքականությունը:
«Չկան այնպիսի սահմաններ ու պատեր, որոնք կարող են ստեղծարարության և տաղանդի համար խոչընդոտ լինել»,- ասել է «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում հաղթողի անունը հայտարարելու համար բեմ բարձրացած Բարդեմը:
Ինչպես նշում է Daily Mail-ը, դերասանն այդ ամենն ասել է մայրենի իսպաներենով: Նրա քննադատությունը թեև քողարկված է եղել, սակայն բոլորը հասկացել են՝ ով է հասցեատերը:
Հիշեցնենք, որ Թրամփը դեռևս 2016թ. նախընտրական քարոզարշավի ժամանակ էր հայտարարել, որ նախագահ ընտրվելու դեպքում Մեքսիկայի հետ սահմանին պատ կկառուցի ու այդպիսով կարգելի ապօրինի ներգաղթյալներին մուտք գործել երկիր:
Այժմ պատի կառուցման հարցը շարունակում է մնալ Թրամփի ուշադրության կենտրոնում, սակայն Կոնգրեսի դեմոկրատ անդամները հրաժարվում են այդ նախագծի համար հատկացնել նախագահի պահանջած ավելի քան 5,7 մլրդ դոլարը:
















