Հայաստանի Մ19 հավաքականի նախկին ֆուտբոլիստն ազատվել է պարտադիր զինվորական ծառայությունից
Ֆուտբոլի Հայաստանի մինչև 19 տարեկանների նախկին ֆուտբոլիստ Ալբերտ Հովագիմյանը ազատվել է շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից:
Այս մասին Tert.am-ը տեղեկացավ իրավական ակտերի նախագծերի հրապարակման E-draft.am կայքից
Նրան պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է այն հանգամանքով, որ Հովագիմյանին կառավարության որոշմամբ տարկետում է տրվել մինչև 2018 թվականի ամառային զորակոչը։
Քանի որ Ալբերտ Ալբերտի Հովագիմյանի 27 տարին լրացել է 2018 թվականի սեպտեմբերի 16-ին, հնարավոր չէ նրան շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալ։ Հետևաբար անհրաժեշտություն է առաջացել Ալբերտ Ալբերտի Հովագիմյանին ազատել շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից։
Նշենք՝ Ալբերտ Հովագիմյանը կարիերայի ընթացքում հանդես է եկել «Փյունիկ» և «Իմպուլս» ակումբներում, իսկ 2012 թվականից ավարտել է կարիերան:
Հայաստանի Մ19 հավաքականի կազմում հարձակվողը 3 հանդիպման է մասնակցել:










