Նիգերիայում ընտրությունների ժամանակ առնվազն 27 մարդ է զոհվել
Նիգերիայում անցկացված համընդհանուր ընտրությունների ժամանակ տեղի ունեցած բռնության հետևանքով առնվազն 27 մարդ է զոհվել, հայտնում է Al Jazeera հեռուստաալիքը:
«Մինչ ընտրությունները մենք բռնության բազմաթիվ դեպքեր ենք գրանցել, որի զոհն է դարձել 251 մարդ, հետևաբար զգուշացրել էինք, որ նմանատիպ միջադեպեր կարող են կրկնվել նաև ընտրությունների ժամանակ, սակայն իշխանությունները դա կանխելու համար ոչ մի միջոց չեն ձեռնարկել»,- ասված է իրավապաշտպանների հաղորդման մեջ:
Հիշեցնենք, որ փետրվարի 23-ին Նիգերիայում ներքին լուրջ դիմակայության և բռնության պայմաններում կայացել են նախագահական ու խորհրդարանական ընտրությունները: Ընտրապայքարը հիմնականում ընթացել է երկրի գործող նախագահ 76-ամյա Մուհամադու Բուհարիի և գլխավոր ընդդիմադիր կուսակցության թեկնածու 72-ամյա Ատիկու Աբուբաքարի միջև: Ընտրությունների արդյունքները դեռևս պաշտոնապես չեն հրապարակվել:
Հիշեցնենք, որ ընտրություններն ի սկզբանե նշանակված էին փետրվարի 16-ին, սակայն ընտրական հանձնաժողովն այն հետաձգել էր:










